Դեմքի խնամքի կարեւոր մաս են կազմում դիմակները: Ծակոտիներ ունեցող ճարպոտ մաշկի համար առաջարկվող չորացնող դիմակներից են. սպիտակ կավից եւ տալկից դիմակները: Հավասար մասերից բաղկացած սպիտակ կավի եւ տալկի խառնուրդին (5-10 գրամ) ավելացնել 1-2 թեյի գդալ կաթ։ Ստացված խյուսը քսել դեմքին եւ թողնել 20 րոպե։ Դիմակի չորացնող ազդեցությունն ուժեղանում է, եթե կաթի փոխարեն օգտագործեք 5 գրամ գլիցերինից, 15 գրամ սպիրտից եւ 40 գրամ ջրից կազմված լուծույթ։
Սպիտակ կավին եւ տալկին կարելի է ավելացնել նաեւ ցինկի օքսիդ։ 10 գրամ սպիտակ կավը խառնել 5 գրամ տալկի եւ 3 գրամ ցինկի օքսիդի հետ։ Խառնուրդը լուծել ջրով (կամ վերը նշված լուծույթով)՝ մինչեւ թանձր թթվասերի նման դառնալը։ Դիմակը քսել դեմքին, թողնել 10-15 րոպե եւ մաքրել գոլ ջրով թրջած բամբակով։
Լայն ծակոտիներով, թառամած եւ թուլացած դեմքի մաշկի դեպքում առաջարկվում է սպիտակուցակիտրոնային դիմակ։ Ապակե ամանի մեջ հարած֊փրփրացրած մեկ սպիտակուցին ավելացնել 10-20 կաթիլ կիտրոնաթթվի հյութ, 2-3 կաթիլ մենթոլի յուղ եւ անընդհատ խառնելով՝ 1/2-1 թեյի գդալ տալկ, մինչեւ խյուս ստանալը։ Եթե մաշկը չոր է, նախքան դիմակը դնելը՝ դեմքին եւ պարանոցին պետք է քսել ճարպոտ եւ սնուցող քսուք։ Հենց որ դիմակը չորանա, դրա ազդեցությունը ուժեղացնելու համար հարկավոր է քսել երկրորդ եւ երրորդ շերտը՝ հատկապես այնտեղ, որտեղ կան առավել արտահայտված կնճիռներ` կոպերը թողնելով ազատ։ 20-30 րոպե հետո դիմակը հանել տաք ջրում թրջած սրբիչով։ Վերջում դնել մի քանի սառը կոմպրեսներ։
Կարդացեք նաև
Խորհուրդ է տրվում նաեւ մեղրակիտրոնային դիմակ։ 1 թեյի գդալ ջրիկ մեղրին ավելացրեք 30-40 կաթիլ կիտրոնի հյութ եւ մոտավորապես մեկ ճաշի գդալ սպիտակ կավ։ Կարելի է ավելացնել նաեւ քիչ ջուր՝ մինչեւ թանձր խյուս ստանալը, որը պետք է քսել դեմքին եւ պարանոցին։ 25-30 րոպե հետո դիմակը հանել գոլ ջրով, որից հետո մի կտոր կիտրոնով տրորեք մաշկը։ Այս դիմակից հետո եւս պետք է դնել մի քանի սառը կոմպրեսներ։
Արդյունավետ է նաեւ տնական շոռով դիմակը: Երկու ճաշի գդալ թարմ շոռին (աղազուրկ) խառնել 1/2 թեյի գդալ ջրիկ մեղր, 1/2 ձու եւ խառնուրդը հարել
մինչեւ փրփրի։ Քսել դեմքին, պարանոցին եւ աչքերի ու շրթունքների շուրջը դնել երկրորդ շերտը։ 20 րոպե հետո տաք ջրով դիմակը մաքրել եւ դնել երկու սառը կոմպրես։
Կոպտացած, թառամած, թեփոտված չոր եւ նորմալ մաշկի դեպքում փափկեցնող դիմակներից են:
Դեղնուցը լավ խառնել 1 թեյի գդալ բուսական յուղի (նշի, ձիթապտղի եւ այլն) եւ 1 թեյի գդալ ջրիկ մեղրի հետ։ Նուրբ խոզանակով եւ բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսել դեմքին եւ պարանոցին. առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը, իսկ ապա՝ երրորդը։ 20-25 րոպե հետո տաք ջրով թրջած բամբակե խծուծով հանել դիմակը։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ՝ 4-6 շաբաթ տեւողությամբ։ 2-5 ամիս հետո կուրսը կրկնվում է։
Մեղրագլիցերինային դիմակ։ Մեկական թեյի գդալ գլիցերինը եւ մեղրը խառնել 2 գդալ ջրի հետ։ Անընդհատ խառնելով՝ քիչ-քիչ ավելացնել 1 թեյի գդալ վարսակի կամ ցորենի ալյուր մինչեւ միասեռ զանգված ստանալը ու քսել դեմքին եւ պարանոցին։ Դիմակը թողնել 20-25 րոպե։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ՝ 4-6 շաբաթ տեւողությամբ։ Կուրսը կրկնվում է 2-3 ամիս հետո։
Դեղնուցայուղային դիմակ։ Լավ հարած 1 դեղնուցին անընդհատ խառնելով մաս֊մաս ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ (դեղձի, նուշի կամ ձիթապտղի) եւ 1/2 թեյի դգալ ջուր ու այդքան կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսել դեմքին 2-3 շերտ եւ թողնել մինչեւ չորանա։ Դիմակը հանվում է տաք ջրով թրջած բամբակով, որից հետո դեմքը պետք է սառը ջրով ցայել: Այս դիմակը եւս, ինչպես եւ նախորդները, կրկնել 2-3 ամիս հետո` շաբաթը 1-2 անգամ:
Օգտակար է նաեւ տաք յուղային դիմակը։ 30 գրամ բուսական յուղը (ձիթապտղի եւ այլն) տաքացնել եւ դրա մեջ ընկղմել բամբակի բարակ շերտ: Յուղի ջերմաստիճանը նախապես փորձել ձեռքի վրա։ Բամբակը դնել դեմքին, ծածկել պոլիէթիլենային անձեռոցիկով եւ խավավոր սրբիչով` տաքությունը պահպանելու համար։ Հագուստը յուղով կեղտոտվելուց խուսափելու համար, կզակի տակ դնել լիգնին կամ մոմլաթ։ Դիմակը դրվում է 20-30 րոպե եւ հեռացվում, ինչպես առաջարկված մնացած դիմակները:
Կնճիռների առկայության, չոր, թառամած եւ կոպտացած մաշկի դեպքում տոնուսը բարձրացնող եւ փափկեցնող դիմակներից առաջարկվում է 1/2 ձվի դեղնուցը հարել եւ աստիճանաբար ավելացնել 15 գրամ ձիթապտղի յուղ։ Ստացված խառնուրդը քսել դեմքին եւ պարանոցին՝ թեթեւակի մերսելով։ 15-20 րոպե հետո տաք ջրով թրջած բամբակով դիմակը հանել։
Արդյունավետ է վուշի ալյուրից տաք դիմակը. 1 բաժակ ջրում (200 գրամ) եփել 3 գդալ վուշի սերմ մինչեւ դոնդողանման խյուս ստանալը։ Խյուսը հովանալուց հետո ավելացնել 1/2 թեյի գդալ մեղր եւ 1 փոքր գդալ ձիթապտղի յուղ (նշի յուղ կամ` 1 սրվակ վիտամին A յուղային լուծույթ)։ Դիմակը քսել դեմքին եւ պարանոցին, ծածկել լիգնինի բարակ շերտով, պոլիէթիլենային անձեռոցիկով եւ սրբիչով` տաքությունը պահելու համար։ 15- 20 րոպե հետո դեմքը եւ պարանոցը լվանալ տաք ջրով եւ ապա ցայել սառը ջրով։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.09..2015