Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբեր 18,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունվեցերորդ

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եվ Բախչինյան Հենրիկն ասաց՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ դասական ուղղագրություն շատ լավ գիտի», եւ Արամն ասաց՝ «Ավետարան թարգմանողը պարզ ա, որ դասական ուղղագրություն կիմանա», եւ ես հարցրի՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ո՞վ ա», եւ Արամն ասաց՝ «առաջ մեր ինստիտուտում էր աշխատում, հետո տեղափոխվեց Մատենադարան», եւ Ռոլանդը հարցրեց՝ «Լեւոնն ասորագետ չի՞», եւ Արամն ասաց՝ «ինքն ամենինչագետ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա ձենը հետո կլսեք», եւ Արամն, իհարկե, էդ բանը կատակով ասաց, եւ անցյալ դարի ութսունականների սկզբներին, Շուրայի բուֆետում նստած, ինքն էլ չէր կարող ենթադրել թե՝ էդ ձենն ինչքան ուժեղ է  լինելու, որովհետեւ ութսունականների սկզբներին Արամն ու որեւէ մեկս չէինք կարող ենթադրել, որ Սովետը երբեւէ կքանդվի, ու Հայաստանն էլ երբեւէ կանկախանա, եւ առավել եւս չէինք կարող ենթադրել, որ անկախացած Հայաստանի առաջին նախագահն էլ լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին Գագոյի ու Արծրունի միջոցով ճանաչում էի, բայց չգիտեի, որ Արամի ասած Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ ութսունականների սկզբների էդ ճակատագրական օրը մտքներովս չէր  էլ կարող անցնել, որ անկախացած Հայաստանի մշակույթի նախարարներից մեկն էլ Ռոլանդն է լինելու, որովհետեւ ութսունականների  ամենասկիզբն էր, ու Բրեժնեւն էլ դեռեւս կար, ու էդ օրը ճակատագրական եմ անվանում, որովհետեւ էդ օրն իսկապես ճակատագրական էր «Ծիծեռնակի» Շահամիրյանի համար, բայց հիմա որ ավելի եմ կենտրոնանում էդ օրվա վրա, հասկանում եմ, որ էդ օրը Շահամիրյանի համար էնքանով էր ճակատագրական՝ ինչքանով որ հիմա էդ օրվան անդրադառնում ու էդ օրվա մասին գրում եմ, որովհետեւ Շահամիրյանին աշխատանքից չազատելու հարցը ոչ թե էդ օրն էր որոշվել, այլ՝ դրանից ամիսներ առաջ, եւ էդ օրն ինքն ընդամենն աշխատանքից չազատվելու իր մաղարիչն էր անում, եւ չնայած սեղանի հաշիվը Ռոլանդն ու ես կիսովի փակեցինք, քառորդ շիշ կոնյակը Շահամիրյանն անձամբ էր տնից բերել, եւ հիմա, էդ ամենը հիշելով ու էդ ամենի մասին մտածելով, չեմ կարողանում հասկանալ՝ ինչու հանկարծ «Ծիծեռնակի» մեր Շահամիրյանին հիշեցի, եւ չնայած էդ հիշողությանս մեջ որոշակի  հումոր էլ կար, այնուամենայնիվ, հընթացս նաեւ փորձում էի մտնել Շահամիրյանի էն ժամանակվա վիճակի մեջ, ու հընթացս նաեւ փորձում էի ձեզ ներքաշել Շահամիրյանի էն ժամանակվա վիճակի ու հոգեվիճակի  մեջ, եւ հիմա էս հարցի վրա ավելի ու ավելի կոնկրետանալով ու սեւեռվելով՝ սկսում եմ ավելի ու ավելի հասկանալ Հարությունյան Հայկունուն, որը  մշտապես էն կարծիքին է, որ մեծ գրողներն ու արվեստագետները ոչ թե գիտակցությամբ են առաջնորդվում, այլ՝ հիմնականում ենթագիտակցությամբ, եւ հիմա հետին թվով Շահամիրյանի էն ժամանակվա վիճակը որոշակիորեն հիշելով ու պատկերացնելով՝ հասկանում եմ, որ էս հիշելս ու պատկերացնելս ոչ թե գիտակցությանս արդյունքն էր, այլ՝  ենթագիտակցությանս, ու հընթացս նաեւ հասկանում եմ, որ Հարությունյան Հայկունու ասածը ոչ միայն մեծ գրողներին է վերաբերում, այլեւ՝ սովորականներիս ու շարքայիններիս, եւ չնայած  Շահամիրյանին մի քանի անգամ բիձա ու տարեց անվանեցի, հիմա իրեն ավելի ու ավելի հիշելով՝ սկսում եմ մտածել ու հասկանալ, որ էն ժամանակ ինքը հազիվ էլ իմ ու Ռոլանդի էսօրվա  տարիքին  լիներ, եւ չիմացողների համար ասեմ, որ ես ու Ռոլանդը վաղուց արդեն վաթսունն անց ենք, եւ չիմացողների համար նաեւ ասեմ, որ երբ հիսունս լրացավ, էդ պահին Ռոլանդը դեռեւս Մշակույթի նախարար էր, եւ հիսուն ամյակիս առթիվ Ռոլանդն ինձ պարգեւատրեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալով, եւ դա Քոչարյանի իշխանության օրոք էր, եւ հոկտեմբերի 27-ն ու Պողոս Պողոսյանի դեպքն արդեն եղել էին, եւ, բնականաբար, Ռոլանդի շնորհած էդ ոսկեջուր մեդալից հրաժարվեցի, եւ չնայած Լեւոնի օրոք հոկտեմբերի 27 ու Պողոս Պողոսյան չէին եղել, Լեւոնի օրոք էլ էի որոշ բաներից  հրաժարվել, եւ բոլոր դեպքերում էլ հրաժարվելուս մասին որեւէ մեկը չէր իմացել, որովհետեւ էն ժամանակ դեռեւս չէի հասկանում, որ եթե ուզում ես հրաժարվելդ իմացվի, նախ պիտի էդ տրվածը վերցնես, հետո նոր մի գեղեցիկ օր հրաժարվես, եւ հիմա, երբ էդ հասարակ բանն արդեն հասկացել եմ, էլ որեւէ մեկն ինձ որեւէ բան չի շնորհում:

ՎԵՐՋ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930