Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի համեստությունը սահմաններ չուներ. Հայկ Հարությունյան

Սեպտեմբեր 17,2015 21:54

Այսօր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:

Տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականին` Թիֆլիսում։ Դեռ վաղ տարիքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ճշգրիտ գիտությունների նկատմամբ` ինչը չի վրիպել հոր` Համազասպ Համբարձումյանի աչքից և դեռ վաղ հասակից նա որդուն ուղղորդել է՝ օգնել ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում:

Մանկության տարիներին նա ինքնուրույն էր ուսումնասիրում աստղագիտությունը, և շատ ժամանակ էր տրամադրում ֆիզիկային և մաթեմատիկային: Ուսանողական կյանքն էլ հասակակիցներից շուտ սկսեց`16 տարեկանում:

1924 թվականին նա արդեն Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի  ֆիզիկամաթեմատիկական բաժնի  ուսանող էր: Անհանգիստ և պրպտուն էին նաև այս տարիները: Ուսանող Վիկտոր Համբարձումյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը մեծ էր և նա պարբերաբար հանդես էր գալիս գիտական հոդվածներով:

1928 թվականին Վիկտոր Համբարձումյանն ընդունվեց Պուլկովյան աստղադիտարանի ասպիրանտուրան և մեծ աստղագետ Բելոպոլսկու ղեկավարությամբ սկսեց իր մասնագիտական գործունեությունը։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո Համբարձումյանը վերադարձավ Լենինգրադի համալսարան, որպես՝ դասախոս, իսկ ավելի ուշ՝ 1934 հիմնելով ասղտաֆիզիկայի ամբիոնը, ստանձնեց ամբիոնի ղեկավարի պաշտոնը։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքով Վիկտոր Համբարձումյանը աստղաֆիզիկայի ամբիոնում դարձավ պրոֆեսոր, երբ ընդամենը 27 տարեկան էր: Ավելի ուշ դարձավ համալսարանի աստղադիտարանի տնօրենը և ուսումնական մասի պրոռեկտորը։

Այդ տարիներին` գիտնականի մասնագիտական առաջխաղացման համար հիանալի նախադրյալներ էին ստեղծվել Լենինգրադում, բայց Վիկտոր Համբարձումյանն որոշեց տեղափոխվել Հայաստան։

Հայաստանում նոր-նոր կազմավորվում էր Գիտությունների ակադեմիան։  Մինչ այդ խորհրդային  Հայաստանում գործում էր խորհրդային միությունների գիտության ակադեմիա մասնաճյուղը՝ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։

Հովսեփ Օրբելու առաջարկը Համբարձումյանի սրտով չէր, նա ուներ իր պայմանը։

1943 թվականին Համբարձումյանը կայացրեց իր վերջնական որոշումը`հաստատվեց Հայաստանում և գիտության նվիրյալների հետ անցավ գործի:

1943 թվականի նոյեմբերի 10-ին հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան: Ցավոք, առաջին ժողովին մեծ գիտնականը չկարողացավ ներկա լինել

Հայկ Հարությունյանի խոսքով Վիկտոր Համբարձումյանը հասավ Հայաստան, երբ ժողովը արդեն վերջացել էր, չնայած դրան նա ամուր կապերով կապեց Հայաստանի հետ ամբողջապես։

Վիկտոր Համբարձումյանը իրեն ոչ միայն Հայաստանի այլ ողջ խորհրդային միության լիիրավ քաղաքացի էր համարում: Հայկ Հարությունյանը հիշում է՝ իրենց  զրույցների ընթացքում նա հաճախ էր խոսում Հայաստանի պատմական շրջադարձերի մասին՝ կարևորելով խորհրդային միության կազմում ընդգրկվելը:

Հայկ Հարությունյանի խոսքով լինելով այդպիսի հսկա՝ ամենապարզ հասարակ մարդկանցից մեկն էր։ Համբարձումյանի համեստությունը սահմաններ չուներ շատերն իրենց ավելի Համբարձումյան էին զգում, քան ինքը:

Աշխատանքի մասին գիտնականն ուներ իր պատկերացումներն ու համոզմունքները: Աշխատասիրություն ու նվիրվածություն գործին սա էր նրա պարզ պահանջն իր գիտաշխատողներից: Աշխատակիցները չէին չարաշահում նրա բարությունը և երբեք չէին խուսափում կոնկրետ հանձնարարություններից: Կատարում էին առավելագույնը, որովհետև անձամբ  Համբարձումյանն էր հանձնարարել`աշխարհի  հռչակավոր գիտնականը:

Վիկտոր Համբարձումյանին լսում և սիրում էին նույնիսկ գիտությունից շատ հեռու մարդիկ։ Ողջ կյանքի ընթացքում նա արարեց, ունեցավ բազմաթիվ պաշտոններ և կոչումներ: Համբարձումյանի կյանքի վերջին տարիները լի էին հակասություններով  , բայց Վիկտոր Համբարձումյանը չէր չարանում և չէր դժգոհում իր կարգավիճակից։

Վիկտոր Համբարձումյանը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մետրանոց աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։

«Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը»,-այսպես է ասել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930