Իջեւանցի Դավիթ Սահակյանը 6 անչափահաս տղա ունի, որոնք ծնվել են զույգերով, կեսարյան հատումով: Արծրունին եւ Սահակը ծնվել են 2007թ. փետրվարի 6-ին, Նորիկն ու Սարգիսը՝ 2010թ. նոյեմբերի 27-ին, Գագիկն ու Կամսարը՝ 2014թ. դեկտեմբերի 11-ին: Սահակյանների 8 հոգանոց ընտանիքն արդեն 9 տարի բնակվում է Իջեւան քաղաքում, Ռուսաստանում բնակվող բարեկամի բնակարանում:
Դավիթ Սահակյանն ասաց, որ ինքը 2 օր շարունակ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հետեւում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը: Նա հայտնեց. «Ցանկանում եմ հարց ուղղել իշխող քաղաքական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, խորհրդարանական մյուս խմբակցություններին եւ բոլոր նրանց, ովքեր կողմ են սահմանադրության այս նախագծի ընդունմանը:
Հարցս հետեւյալն է՝ խորհրդարանական կառավարման անցնելու արդյունքում իմ 6 տղաները՝ հայոց բանակի ապագա զինվորները օրենքով սահմանված կարգով օգտվելո՞ւ են բնակարան ունենալու իրավունքից, թե՞ մինչեւ զինվորական ծառայության անցնելու տարիքը մնալու են անօթեւան»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ