Էլեկտրոնային լրատվամիջոցներում սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի 14-ամյա Ադելայի առողջական վիճակի մասին տեղ գտած հրապարակումները հանրային հետաքրքրություն են առաջացրել։ Վերջերս նրա մոտ ուռուցք է հայտնաբերվել։ Տեղեկացնենք, որ աղջնակի բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո։
Երեխան արդեն մի քանի օր է, ինչ բուժվում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրինության կողմից հրավիրվել են հանրապետության առաջատար բոլոր նյարդավիրաբույժները, ծնոտային վիրաբույժները և բազմաթիվ այլ մասնագետներ։ Կազմակերպվել են կոնսիլիումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` համակարգչային շերտագրում։ Արդյունքում որոշվել է երեխայի բուժման տակտիկան։
Կատարվել է պարանոցի արտաքին ֆիքսում։ Դեղորայքային բուժման շնորհիվ աղջկա վիճակը փոքր-ինչ բարելավվել է, վերականգնվել է կլման ակտը։ Երեխան ոչ միայն ջուր և հյութեր է ընդունում, այլև` կոշտ սնունդ։ Նա մասնագետների մշտական ուշադրության կենտրոնում է։
ՀՀ առողջապահության նախարարություն