Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակվում են զորակոչվել անձինք առողջական լուրջ խնդիրների առկայությամբ»

Սեպտեմբեր 17,2015 18:55

Արմինե Սադիկյանի խոսքերով՝ ՊՆ-ում չեն կարդում իրենց գրությունները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց իր «Զինակոչիկների իրավունքների խախտման դեպքերը 2014-2015 թթ-ի զորակոչմանը» զեկույցը:

«Այս երկու զորակոչերի ընթացքում՝ 2014 թվականի ձմեռային եւ 2015 թվականի ամառային զորակոչերի ընթացքում կազմակերպությանը դիմել են 45 անձանց խնդրով կա՛մ հարազատները, կա՛մ հենց իրենք՝ զորակոչիկները: Եթե համեմատության մեջ դնեմ նախորդ տարվա հետ, ապա նախորդ տարի էլի երկու զորակոչերի ընթացքում՝ 2013 ձմեռային եւ  2014  ամառային, 26 հոգի էին դիմել: Այսինքն՝ բավականին թիվը մեծացել է, ես չգիտեմ, թե ինչի հետ կարող եմ դա կապել, միգուցե մասամբ դա նրանից է, որ քաղաքացիները շատ ավելի իրազեկված են, շատ ավելի համարձակ են իրենց իրավունքների պաշտպանությամբ հետամուտ լինելու հարցում, մյուս կողմից էլ ուզում եմ արձանագրել՝ քանի որ այդ 45 հոգուց 35 հոգու խնդիրը առողջական խնդիրներն են, առողջական հարցերն են, ոչ պատշաճ բժշկական զննության հետ կապված հարցերն են նաեւ այդ ակտիվությունը նրանից է, որ այնուամենայնիվ, առողջական խնդիրները չեն լուծվում, դրանք շարունակվում են, այսինքն՝ շարունակվում են զորակոչվել անձինք առողջական լուրջ խնդիրների առկայությամբ»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

Նա հավելեց, որ այդ 45 անձանց տրամադրվել է ե՛ւ բանավոր, ե՛ւ գրավոր օգնություն, այսինքն՝ տրամադրվել է հետագա իրավաբանական աջակցություն. «Այս անգամ եւս պաշտպանության նախարարության պատասխանները բավականին նույնաբովանդակ են, նրանք ներկայացնում են իրենց գրություններում այն նույն նկարագրությունը, ինչ մենք իրենց ուղարկել ենք եւ ընդամենը վերջում գրում են՝ անձը պիտանի է կամ ոչ պիտանի է: Բայց լինում են դեպքեր, երբ մենք ընդամենը պահանջում ենք կրկնակի փորձաքննություն, մի կողմից կարող ենք հասկանալ, որ իրենք ցուցաբերում են անտարբեր վերաբերմունք անձանց վերաբերյալ, մյուս կողմից կարող ենք ասել, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է. չեն կարդում, իրենց պետք չէ կամ շատ թեթեւ են վերաբերվում, բայց կոնկրետ դրանք մարդկանց առողջությանն են վերաբերվում»:

Արմինե Սադիկյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 20 գրություն է ներկայացրել, որոնցից 17-ը պաշտպանության նախարարությանը, իսկ մյուս 3-ը այլ գերատեսչություններին, ժամանակին եւ ըստ բովանդակության ՊՆ-ն պատասխանել է 7 գրության, իսկ մնացած դեպքերում լղոզված է կամ կազմակերպության բարձրացրած հարցին չի վերաբերվում:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930