Լրահոս
Օրվա լրահոսը

Խուդոյանների գործը՝ կրկին ՀՀ Վճռաբեկ դատարանում

Սեպտեմբեր 17,2015 18:00

Նախկինում տեղեկացրել էինք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք, որ վերջիններս իրենց բնակարանի շուրջ ծագած խնդրով 2013 թ. նոյեմբերի 28-ից նստացույց էին սկսել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, որտեղից էլ օրեր անց ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ հեռացվել էին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի պատճառով:

Դեպքի առթիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հ. Մակարյանի կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ.Ռ.Հարությունյանը 2014 թ. մարտի 3-ին կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ ոստիկանության ծառայողների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Հիշյալ որոշումը բողոքարկվել էր նախ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ապա՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, սակայն թողնվել էր օրինական ուժի մեջ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ Ա. Սաքունցը և Հ. Մակարյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրել էին վճռաբեկ բողոք ՀՀ Վճռաբեկ դատարան:

Ներկայացված բողոքը, սակայն, ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշմամբ թողնվել էր առանց քննության, քանի որ այն չէր ստորագրվել փաստաբանի կողմից: Հետագայում՝ 2015թ. մարտի 17-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթները, որոնք պարտադիր պահանջ էին նախատեսում վճռաբեկ բողոքը փաստաբանի կողմից ստորագրված լինելու մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Հ. Մակարյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը, նոր հանգամանքի հիմքով 2015 թ. հունիսի 20-ին կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. հուլիսի 16-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Քննարկելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու հարցը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 2015 թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ գտել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Տ. Սիրադեղյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը համապատասխանում է նոր հանգամանքի հիմքով գործի վերանայմանը ներկայացվող պահանջներին և որոշել է նոր հանգամանքի հիմքով հարուցել իր՝ 2014 թ. սեպտեմբերի 18-ի որոշման վերանայման վարույթ:

Այսպիսով՝ Ա. Խուդոյանի և Հ. Մակարյանի իրավունքների պաշտպանության նպատակով դեռևս 2014 թ. օգոստոսի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքը կրկին կքննության կառնվի ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930