Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Գործող Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում ամենահարմար տարբերակն է»

Սեպտեմբեր 17,2015 18:10

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Շարունակելով նախորդ գրառումս՝ հիմնավորեմ, թե ինչու եմ համոզված, որ Սահմանադրության փոփոխությունների հիմնական թիրախը նախագահի պաշտոնի վերացումն է:

Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում ստեղծել կառավարման մի համակարգ, որը գործող Սահմանադրությամբ գոյություն ունի: Ներկա Սահմանադրության 55-րդ հոդվածում ասվում է, որ վարչապետ է նշանակվում նախագահի կողմից խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձը: Այն, ինչ մոտավորապես առաջարկվում է այս փոփոխություններով: Իսկ 86-րդ հոդվածում ասվում է, որ վարչապետը հրավիրում է և վարում կառավարության նիստը, ստորագրում որոշումները: Նախագահն իրավասություն ունի ընդամենը մեկ ամսով այդ որոշումը կասեցնելու՝ նրա մեջ սահմանադրական հակասություններ տեսնելու պարագայում: Այսինքն՝ գործող Սահմանադրությամբ՝ վարչապետը խորհրդարանի իր կայուն մեծամասնությամբ ինքնուրույն գործող օղակ է՝ անկախ նախագահից: Նախագահի լիազորությունները սահմանափակվում են արտաքին, պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներով:

Հենց այս հանգամանքը փարատում է այն մտահոգությունը, որ կոալիցիոն կառավարության առկայության պայմաններում արտաքին մարտահրավերների նկատմամբ կառավարության ներքին հակասությունները կարող են խոչընդոտել պետության արդյունավետ արձագանքին:

Այլ կերպ ասած՝ հաշվի առնելով այսօրվա մեր ներքին և արտաքին խնդիրները, մենք ունենք Սահմանադրության շատ ավելի արդյունավետ տարբերակ:

Ցավալին այն է, որ մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք քաղաքական բացարձակ մենաշնորհ, երբ որոշումները կայացվել են բրգաձև մեխանիզմով՝ վերևից ներքև: Տպավորությունը միշտ եղել է այն, որ մենք ունենք նախագահական կուռ համակարգ:

Մի պահ ենթադրենք, որ նոր սահմանադրության պայմաններում խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը, ինչպես այսօր, ունի բացարձակ մեծամասնություն: Ես խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ է փոխվելու: Հնարավոր է, որ այլ կուսակցությունների առաջարկվի կազմել կոալիցիա: Բայց դա կլինի կեղծ կոալիցիա, ինչպես եղել է միշտ:

Իսկ հիմա պատկերացնենք հակառակը, որ այսօրվա Սահմանադրությամբ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չունենար բացարձակ մեծամասնություն: Արդեն կստեղծվեր իսկական կոալիցիա: Այն, ինչ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ու խորհրդարանական համակարգի գլխավոր գրավականն է:

Մեր խնդիրն այսօր ոչ թե Սահմանադրությունն է, այլ Ընտրական օրենսգիրքը: Մեզ պետք է ոչ թե Սահմանադրության, այլ ընդամենը Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ինչպես նաև արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Ես համոզված եմ՝ այս ամենի դեպքում մենք կունենանք խորհրդարանական արդյունավետ համակարգի բոլոր տարրերը:

Ընտրությունների մասով այս փոփոխությունների մեջ ես տեսնում եմ մեկ այլ մեծ վտանգ: Փոփոխությունների աջակիցների այս օրերի հիմնական փաստարկը նոր սահմանադրության նախագծով ամրագրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն է, որը, ինչպես ասվում է, կարգավորվելու է օրենքով:

Արդեն հայտնի է այդ օրենքի բովանդակությունը: Նախնական տվյալներով՝ Հայաստանը բաժանվելու է 20 ընտրատարածքների, որտեղ քաղաքացիները քվեարկելու են թեկուզ կուսակցությունների կողմից ներկայացված, բայց կոնկրետ անձերի օգտին: Սա կոչվում է ռեյտինգային քվեարկություն: Սա պարզապես քողարկված մեծամասնական ընտրակարգի ներդրում է:

Սա նշանակում է, որ մենք անցնում ենք 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի: Եվ, ինչն ավելի վտանգավոր է, համապետական ընտրությունները՝ որպես այդպիսին, իսպառ վերացվում են. նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ խորհրդարանի անդամները, որոնք պետք է նշանակեն վարչապետին, ընտրվում են հատվածական (ոչ միասնական) ցուցակներից: Դեռ չեմ խոսում զինված ուժերի գլխավոր հրամանատարի անորոշ կարգավիճակի և սահմանադրությունը խորհրդարանի ⅔ ձայներով փոխելու վտանգավոր դրույթների մասին:

Ես կրկնում եմ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ամենահարմար տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930