«Թղթախաղի կամ պոկերի նկատմամբ Սերժ Սարգսյանի անդիմադրելի հակումը, որի մասին մամուլը ահազանգում է, քաղաքական կոնկրետ դրսեւորում է ստանում Սահմանադրական փոփոխությունների քննարկվող նախագծի շրջանակներում»,- ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչ կապ ունի թղթախաղը Սահմանադրության նախագծի հետ՝ Նիկոլ Փաշինյանն այսպես բացատրեց. «Վերջին 1.5 տարում Սերժ Սարգսյանը առնվազն երկու անգամ պաշտոնապես հայտարարել է, թե չի ցանկանում, որ ՀՀ-ն անցում կատարի դեպի կառավարման խորհրդարանական մոդելի: Այսօր, ի հեճուկս իր իսկ հայտարարությունների, խորհրդարանին է ներկայացրել մի նախագիծ, որի առանցքային դրույթն է անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ, երբ քո հայտարարությունները չեն համապատասխանում իրերի իրական դրությանը: Այդպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլեւ նաեւ իր քաղաքական կողմնակիցները փաստացի պատկերացում չունենան իր իրական պատկերացումների ու նպատակների մասին»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման մոդելի, ինքը չի հավակնի վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնին: Թե ինչ ճակատագրի է արժանանալու այս մի հայտարարությունը՝ հարց է:
Փաշինյանն անդրադարձավ Մարգարիտ Եսայանի ելույթին. «Էդ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը գյոզալ իշխանությունը թողնի, գնա իր տանը նստի, էդ ումո՞վ եք ուզում փոխարինել մեր սիրուն, սիմպատիչնի, բոյով Սերժ Սարգսյանին: Չնայած ֆորմալ առումով այս հայտարարությունն արվում էր իբր ընդդիմությանը հակադարձելու համար, բայց սա կոնկրետ հասցեատերեր ունի՝ ՀՀԿ-ի եւ հենց իշխանության ներսում: Օրինակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը դիրքավորվում է, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո հենց Հովիկ Աբրահամյանն է լինելու երկրի վարչապետը, այսինքն՝ փաստացի ղեկավարը»:
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս գործընթացը ձեռնարկվել է՝ ընդդիմությանը ջախջախելու համար, որպեսզի 2017-2018-ին չլինի ընդդիմադիր որեւէ ռեալ ուժ, որ հակազդի իշխանությանը:
Նա կոչ արեց չմտնել Սերժ Սարգսյանի նախապատրաստած ծուղակը. «Ես դեմ եմ քվեարկելու Սահմանադրական փոփոխությունների այս նախագծին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ