Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ժնևում

Սեպտեմբեր 17,2015 17:20

Սեպտեմբերի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի «Սեն Ժերվե» թատրոնում բացվեց «Ֆրագմենտներ. Հայոց ցեղասպանության արտացոլումը շվեյցարական մամուլում» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված են 1895-1923թթ․ շվեյցարական մամուլում, Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցի շուրջ զարգացումերին նվիրված երեք հազարից ավելի հրապարակումներից ընտրված և արխիվներից վերհանված խմբագրականներ, հրապարակախոսական հոդվածներ, քրոնիկներ, ռեպորտաժներ։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից, խոսուն խորագրերով շվեյցարական մամուլի այս տպագիր վավերագրերը՝ «Մի ողջ ժողովրդի բնաջնջում», «Հայաստանն առանց հայերի», «Մեծ տերությունների ոճիրը», հատկանշական են՝ թուրքական վայրագություններին իրենց ամենօրյա, մանրամասն, ճշգրիտ անդրադարձերով, վերլուծությունների խորությամբ և համակողմանիությամբ։

Ավելի քան հարյուրամյա այդ հրապարակումները լավագույնս են արտացոլում նաև, ի համերաշխություն հայ ժողովրդի, Շվեյցարիայում սկիզբ առած լայնածավալ շարժումը, որի դրսևորումներից էր նաև 1896թ. ներկայացված նշանավոր միջնորդագիրը /պետիցիան/՝ շվեյցարական ժողովրդավարության պատմության մեջ առայսօր անգերազանցելի ռեկորդ հանդիսացող հինգ հարյուր հազար թվով ստորագրությամբ՝ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում։

ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ընդգծեց Ցեղասպանության միջազգային ճանաչման, անպատժելիության և ժխտողականության դատապարտման, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը մարդկության դեմ հետագա ոճիրների կանխարգելման, ինչպես նաև ժողովուրդների հաշտեցման համար։

Նա նշեց, որ այդ նպատակին էր ուղղված Ժնևում, մարտի 27-ին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի կողմից միաձայնությամբ և 72 երկրի համահեղինակությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը։ Հասմիկ Տոլմաջյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր Ասամբլեան` հիմնվելով Մարդու Իրավունքների խորհրդի բանաձևի դրույթների վրա, Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված և կոնսենսուսով ընդունված բանաձևով, դեկտեմբերի 9–ը հռչակեց «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ ոճրի կանխարգելման միջազգային օր»։

Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվելու են մի շարք համաժողովներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, այդ թվում` «Հայ մամուլը ցեղասպանությունից առաջ և դրանից հետո», «Հայերի վրեժը․ Թեհլերյանի դատավարությունը», «Շվեյցարական օգնությունը հայերին և հայանպաստ շարժումը», «Հայկական և թուրքական արդի մամուլը» թեմաներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 25-ը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930