Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուբերտ Թաբս. «Յուրաքանչյուրը ջազի միջոցով կարող է արտահայտել այն, ինչ զգում է»

Սեպտեմբեր 17,2015 17:09

Արդեն տեղեկացրել ենք,  որ սեպտեմբերի 17­-19­-ը Երևանում կանցկացվի «Yerevan Jazz Fest 2015»-ը, որը կազմակերպիչները ցանկանում են դարձնել ավանդական:

«Շատ ուրախալի է, որ ավելի քան 7-­ամյա դադարից հետո հնարավոր եղավ միջազգային ջազ փառատոնի անցկացումը: Կարծում եմ՝ ծրագիրը, որին բավականին լուրջ են նախապատրաստվել կազմակերպիչները, կհետաքրքրի հանրությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջազմեն Լևոն Մալխասյանը:

Ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը ( Չիկո) հուսով է, որ ջազային այս փառատոնը կդառնա ավանդական և դրական փոփոխություններ կմտցնի մարդկանց երաժշտական ճաշակի մեջ. «Հայաստանում ջազի արմատները բավականին խորն են, բայց, ցավոք, մեզանում դեռ իշխում է ցածրորակ երաժշտությունը: Ամենակարևորն այն է, որ նաև փորձեր են արվում ամրապնդելու բարձրաճաշակ երաժշտության տեղը»,- ասաց ջազային երաժիշտը:

Erna_Lev_Malxasyan

Փառատոնային այս օրերին Հայաստանում է գտնվում նաև երգչուհի Էռնա Յուզբաշյանը, որը նույնպես հավատում է, որ փառատոնի շարունակական լինելը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ. «Ես կցանկանայի, որ նման փառատոներ անցկացվեն ամեն տարի: Պետք է իրավիճակը փրկել, պետք է երաժշտական ճաշակը լավացնել: Միայն այսպիսի փառատոների ու իրադարձությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել արդյունքի»,- ասաց ամերիկաբնակ երգչուհին:

Փառատոնի հյուրերից հայտնի ջազմեն Հյուբերտ Թաբսը գտնում է, որ ջազը սևամորթների երաժշտությունն է, բայց, միևնույն ժամանակ, այն իմպրովիզացիոն երաժշտություն է, և յուրաքանչյուրը ջազի միջոցով կարող է արտահայտել այն, ինչ զգում է՝ անկախ մաշկի գույնից:

Իսկ երաժիշտ Վահագն Հայրապետյանի համար «Yerevan Jazz Fest 2015»­-ը տոն է, որը Երևանում է համախմբել հայտնի ու տաղանդավոր երաժիշտների:

«Այս փառատոնը շատերին է հետաքրքրում, իսկ դա խոսում է այն մասին, որ լավ երաժշտություն սիրողներ կան, եղել են ու միշտ կլինեն»,- նկատեց Հայկական ջազ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը և վստահեցրեց, որ փառատոնը ոչ միայն շարունակական է լինելու, այլև ավելացնելու է մասնակիցների ու մասնակից երկրների թիվը:

Հավելենք, որ «Yerevan Jazz Fest 2015»-ի համերգները կանցկացվեն Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սեպտեմբերի 17­-ին ջազ-­փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային­-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ-­նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն՝ իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-­ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-­ից ժամանած «Ռիչարդ Բոնա» խմբի համերգը: Խմբի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Սեպտեմբերի 19-­ի երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ­-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց): Այդ օրը հանդես կգան նաև Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930