Հայաստանում դեռեւս խտրական եւ որոշ առումով՝ անհանդուրժող վերաբերմունք կա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց նկատմամբ: Այս խնդիրներով զբաղվող մասնագետները գտնում են, որ խտրական վերաբերմունքը մեծամասամբ կապված է ոչ բավարար տեղեկացված լինելու հետ:
Խնդրին հանրության ուշադրությունը սեւեռելու համար ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի և Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության կողմից կազմակերպվել էր վարժանք: Այս վարժանքին մասնակցած բազմաթիվ լրագրողներ մեկ ամիս շարունակ տպագրել եւ ներկայացրել են հոդվածներ, որոնք անդրադառնում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ ընտանիքում եւ հասարակությունում առկա խտրականության դրսեւորումներին, ներկայացվել են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի պատմություններ:
Այս միջոցառման նպատակն է հանրության եւ ԶԼՄ-ների ուշադրությունը սեւեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին, քանի որ, ըստ կազմակերպիչների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի հիմնահարցերի լուսաբանման, ինչպես նաեւ հասարակության իրազեկման եւ կրթման գործում չափազանց կարեւոր է լրատվամիջոցների դերն ու մասնակցությունը:
Այսօր «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում ամփոփվեց ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության հիմնախնդրին նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են մի շարք լրագրողներ, պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից 3 լավագույնը ճանաչված հոդվածների հեղինակները պարգեւատրվեցին:
Մրցույթին մասնակցած հաղթողներից էր news.am-ի լրագրող Ամալյա Գաբրիելյանը, որը զբաղեցրեց 1-ին տեղը՝ «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ»- պատմում է ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող դեռահասը» նյութի համար:
2-րդ տեղը զբաղեցրեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ «Որդուց ՄԻԱՎ-ով վարակված թոռանն ու հարսին սկեսուրը տանից դուրս է հանել» հոդվածի համար:
3-րդ տեղը զբաղեցրեց անկախ լրագրող Արման Ղարիբյանը, որի «ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ները, նրանց հարաբերություններն ու զզվանքի հասնող բժշկական ստուգումները.| գաղտնի ձայնագրություն» հոդվածը տպագրվել է «Հրապարակ» օրաթերթում:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3800: ՄԻԱՎ վարակի գրանցված 2148 դեպքերի կեսից ավելին 25-39 տարիքային խմբում է: Գրանցված դեպքերի 69%-ը տղամարդիկ են, 31% -ը` կանայք: ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը՝ 64,2% եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը՝ 26,4%: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 714 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 33,2%-ը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ