Ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանը որդու՝ Արայի հետ ցուցահանդես կունենա Արցախում, որը կնվիրվի Հայաստանի անկախության օրվան:
Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը ուրախությամբ նշեց, որ առաջարկն իրեն գրավել է: «Մտածեցի, որ Արցախում երբեւէ Հայաստանի անկախության օրը ցուցահանդես չի եղել, շատ լավ կլինի, որ ցուցահանդեսով նշենք, ես էլ Շուշին շատ եմ գնահատում, մանավանդ Շուշիի մշակութային պատմությունը: Շատ եմ ուզում, որ Շուշին վերականգնի իր երբեմնի մշակութային փառքը: Այնտեղ հրաշալի ցուցասրահ են կառուցել; Ինքս տանելու եմ մոտ 30 յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքներ, իսկ տղաս՝ 5-6 աշխատանքով կմասնակցի: Ուրախ եմ, որ առիթ կա մասնակից լինել Շուշիի վերածննդին, բացի այդ նպատակ ունեմ մի գործ նվիրել Շուշիի պատկերասրահին: Տարիներ առաջ Շուշիի մի անկյուն եմ նկարել, հենց դա էլ կնվիրեմ»,-ասաց գեղանկարիչը:
Նաեւ հավելեց, որ մի տասը տարի առաջ էլ Լաչինում պատկերասրահ հիմնադրվեց, որտեղ իր երկու աշխատանքներն են գտնվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ