Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկում են՝ ո՞րն է հարգանքը եւ բարոյականությունը

Սեպտեմբեր 17,2015 16:20

«30-րդ հոդվածի 2-րդ մասում բարոյականություն բառը կա: Ո՞րն է բարոյականությունը, ի՞նչ իրավական ձեւակերպում կա: Բարոյականությունը նենց բան է, որ փոխվում է, էլի: 30 տարի առաջ բարոյականությունը մի բան էր, հիմա՝ այլ բան: Էդ ո՞ր բարոյականության մասին է խոսքը, շարունակական փոփոխվո՞ղ, թե՞ ոնց: Կամ գրվում է՝ հանրային իշխանությունը հարգում է ինչ-որ բաներ, այդ հարգանք բառի գործառույթը ո՞րն է: Երաշխավորելը տեղին է, հարգելը ես լավ չեմ հասկանում էդ որն է, որովհետեւ «Կնքահայրը» ֆիլմում հարգանքը մի բան էր, «Կին-ձա-ձա» ֆիլմում՝ մի այլ բան: Հիմա հարգանքը ո՞րն է»,- ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Գուրգեն Արսենյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին այսպիսի հարց ուղղեց:

Նա պատասխանեց, որ դահլիճում նստած յուրաքանչյուր պատգամավոր կարող է հարգանք եւ բարոյականություն բառերը տարբեր կերպ ընկալել, բայց բոլորն էլ բարոյականությունը եւ հարգանքը վստահաբար ասոցացնում են դրական էմոցիաների հետ. «Իմ մոտեցումները չպարտադրենք դահլիճին, չափանիշները կարող ենք հետո իրար հետ քննարկել եւ հասկանալ»:

Գուրգեն Արսենյանը նաեւ հարցրեց՝ «Ի՞նչ է նշանակում, որ պատգամավորը իր քվեարկության արդյունքների համար չի կարող պատասխանատվության ենթարկվել, երբ հետո կարող է պարզվի, որ պատգամավորը, այլ պետության առաջադրանքը կատարելով՝ կարող է էական վնաս հասցնել ՀՀ-ին: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ պատգամավորը անձեռնմխելի է մինչեւ իր կյանքի վերջը եւ պատասխանատվության չե՞նք կարող կանչել»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ անձեռնմխելիության ինստիտուտը մեզ մոտ խեղաթյուրված է, կարծում են, թե դա քրեական պատասխանատվության չենթարկելու ինստիտուտ է: Ըստ պարոն Սահակյանի, քվեարկության համար պատգամավորին չպետք է պատասխանատվության ենթարկել:

Պատգամավորի անձեռնմխելիության շարադրանքի մեջ պատգամավորի կողմից այլ աշխատանք կատարելու արգելք կա: Գուրգեն Արսենյանը հարցրեց. «Գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք թույլատրվում է անել, բայց, օրինակ, չի թույլատրվում անել մայակով գաջ քսելու աշխատանքը: Ո՞րն է տարբերությունը աշխատանքի»:

«Ուղեղով փող աշխատելը հետաքրքիր է, հասկանում եմ, որ փորձում եք հարգել մայակով գաջ քսողների իրավունքները»,- պատասխանեց Հովհաննես Սահակյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930