Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրավո՛, Վիրտուոզ»-ը կունենա՞ միջազգային հնչեղություն

Սեպտեմբեր 17,2015 15:39

Երեք տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո արդեն երկրորդ օրն է, ինչ սկսվել են «Բրավո՛, Վիրտուոզ» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները:

«Բրավո՛, Վիրտուոզ»-ը հայկական կինոարտադրող «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության և ֆրանսիական կինոարտադրող «Ագատ ֆիլմզ»-ի համատեղ արտադրություն է:

«Ես շատ ուրախ եմ այս համագործակցության և, իհարկե, նրա համար, որ Հայաստանը, փաստորեն, ունի այնքան ներուժ, հնարավորություն, որ կարող է միջազգային ընկերության հետ գեղարվեստական ֆիլմ նկարահանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի գլխավոր արտադրող հայկական «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Նրա բնորոշմամբ՝ նոր ֆիլմը շատ վառ ու գեղեցիկ դերասանական կազմ ունի. «Նրանցից յուրաքանչյուրն ընտրվել է մեծ հոգատարությամբ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում»,- ընդգծեց նա:

Նշենք, որ գլխավոր դերերում հանդես կգան երիտասարդ դերասաններ Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետզյանովան: Ֆիլմում կնկարահանվի նաև Արմեն Ջիգարխանյանը, որը կմարմնավորի դիրիժոր Հովհաննեսի կերպարը: Այլ դերերում հանդես կգան Ռուդոլֆ Ղևոնդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արամ Կարախանյանը, Արման Նավասարդյանը և ուրիշներ:

«Ֆիլմը դասական նվագախմբի մասին է, որի գոյությունը վտանգված է: Երաժիշտներից մեկը, որի դերը խաղալու է Սամվել Թադևոսյանը, ամեն ինչ անելու է, որ փրկի իր դասական նվագախումբը»,- նշեց ֆիլմի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լևոն Մինասյանը:

Դառնալով «Բրավո՛, Վիրտուոզ» ֆիլմի ստեղծման գաղափարին՝ Հ. Քեշիշյանն ասաց, որ ֆիլմի համարտադրող ֆրանսիական հայտնի «Ագատ ֆիլմզ»-ի ներկայացուցիչներ՝ ղեկավար, ծագումով հայ կինոռեժիսոր և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը, կինոպրոդյուսեր Մարկ Բորդյուրը և Լևոն Մինասյանը վաղուց էին ցանկանում նկարահանել հայկական այնպիսի մի ֆիլմ, որը կունենա նաև միջազգային հնչեղություն:

Նրանք համոզված են, որ ֆիլմը կհետաքրքրի նաև «դրսին». «Ճիշտ է, ֆիլմի լեզուն հայերենն է, նկարահանումները Հայաստանում ենք անելու, բայց եթե սյուժեն համամարդկային է, կապ չունի՝ ֆիլմն ինչ լեզվով է կամ որ երկրում է նկարահանվել, ովքեր են խաղում այնտեղ: Համամարդկային սյուժեն կարող է հուզել բոլորին, իսկ ֆիլմի հիմքում չարի ու բարու հավերժական պայքարն է, որը համամարդկային խնդիր է մարդկության ստեղծման առաջին իսկ օրից»,- ասաց Լ. Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Երևանում և Գյումրիում. «Ես ինքս գյումրեցի եմ և շատ եմ ուզում, որ Գյումրին ևս մասնակցի հայաստանյան եռուզեռին: Դժվար չէ նկատել, որ ամեն ինչ մայրաքաղաքում է տեղի ունենում, իսկ մարզերը կարծես գոյություն չունեն: Չեմ կարծում, որ Հայաստանում նկարահանվող ֆիլմը միայն «երևանյան» պիտի լինի»,- ընդգծեց Լ. Մինասյանը:

Հավելենք, որ նախատեսվում է ֆիլմն ավարտին հասցնել 2016 թվականի մարտին. «Կփորձենք տեղավորվել այդ ժամանակահատվածի մեջ, որպեսզի հնարավորություն ունենանք ֆիլմը հայտագրելու առաջին կարգի որևէ միջազգային փառատոնի,- ասաց Հ. Քեշիշյանը,- իսկ փառատոնային կյանքից հետո կբարձրանա մեծ էկրան: Մենք ուզում ենք նաև կարծրատիպը կոտրել ու ցույց տալ, որ կինոն կարող է միաժամանակ լինել և´ փառատոնային, և´ կոմերցիոն»:

Նշենք, որ «Բրավո՛, Վիրտուոզ» գեղարվեստական ֆիլմի բյուջեն կազմում է մոտ մեկ միլիոն եվրո:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930