Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պարգևատրել է «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» 2015թ. համաքաղաքային բակային ավանդական փառատոնի հաղթողներին՝ վարչական շրջանների ներկայացուցիչներին հանձնելով գավաթները։
Երկրորդ տարին անընդմեջ փառատոնում ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանը, որի ղեկավար Արտավազդ Սարգսյանին քաղաքապետի տեղակալը հանձնել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը։
Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։
«Այս տարի ավելի բուռն էր մրցույթը, պայքարը, ինչը փաստում է ավելացող հետաքրքրության մասին։ Շնորհավորում եմ բոլոր պատասխանատուներին՝ անմիջական կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին և շնորհակալություն հայտնում ձեզ, որ մարզական այս փառատոնը տարեցտարի առավել կայացած ենք տեսնում»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Կարդացեք նաև
Գավաթներով ու շնորհակալագրերով են պարգևատրվել նաև առանձին անվանակարգերում հաղթած վարչական շրջանները. Ավան վարչական շրջանը՝ վոլեյբոլի «Թռչող գնդակ» մրցաշարում, Մալաթիա-Սեբաստիան՝ ֆուտբոլի «Կաշվե գնդակ» և շաշկի մարզաձևի մրցաշարերում, Աջափնյակը՝ հանդբոլի «Սրընթաց գնդակ» և հեծանվասպորտի «Անիվ» մրցաշարերում, Շենգավիթը՝ բասկետբոլի «Ոսկե զամբյուղ» մրցաշարում, Կենտրոնը՝ շախմատի մրցաշարում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ առավելապես անաչառ մրցույթ անցկացնելու համար հնարավորինս բացառել են արհեստավարժ պատանի մարզիկների մասնակցությունը։ Այդպիսով, լինելով սիրողական մասնակիցներ հավաքագրող փառատոն, այն մեծապես նպաստում է նաև սպորտի տարածմանը՝ մասնագիտական դպրոցներ ուղղորդելով սպորտով հետաքրքրվող երեխաներին։
Այս տարի համաքաղաքային «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» մարզական բակային փառատոնին մասնակցել է 636 երեխա՝ Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջաններից։
Երևանի քաղաքապետարան