Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը նշել է, որ հայերի նկատմամբ իրականացված եղեռնն իր բնույթով բավականին նման է հոլոքոստին, որը նույնպես ընդունվել է Չեխիայում։
«Իրականությանը պետք է նայել բաց աչքերով,- ասել է Զդենեկ Շկրոմախը եւ հավելել, որ այսօր առավել եւս պետք է դասեր քաղել մեր պատմությունից, քանի որ տարբեր երկրներից դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքը կոնֆլիկտների եւ պատերազմների հետեւանք է»։
ՀՀ ԱԺ