Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ չարաշահումների մասին

Սեպտեմբեր 17,2015 13:29

ԱԺ-ում սեպտեմբերի 17-ին շարունակվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնական զեկուցող, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարց ուղղելիս մեր իրականությունից մի քանի դրվագ ներկայացրեց՝ ասելով, որ ուզում է պարզել դրանց կապը գործող Սահմանադրության հետ. «Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2013-ի հունիսի 1-ին մարդ է սպանել իր տան բակում: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը կոպիտ ձեւով կոծկել է Սուրիկ Խաչատրյանի մասնակցությունը միջադեպին: Դրանից հետո Կոստանյանը Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է գլխավոր դատախազի թեկնածու: Սուրիկ Խաչատրյանը նախկինում 3 անգամ դատված է եղել ու սա նրան չի խանգարել դառնալ Սյունիքի մարզպետ: Չնայած նա վերջին 20 տարում եղել է պետական պաշտոնյա, 2012-ի հայտարարագրում պաշտոնապես մոտ 20 մլն դոլար է հայտարարագրել»:

Հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին. «Ռուբեն Հայրապետյանը 2015-ի օգոստոսի 17-ին ֆուտբոլի ակադեմիայի լողավազանում հանգստացող տասնյակ մարդկանց աչքի առաջ ծեծի է ենթարկել եւ առեւանգել «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին: Իրավապահ մարմինները գործը կոծկել են եւ Հայրապետյանին պատասխանատվության չեն ենթարկել»:

Հաջորդ օրինակը, որ նշեց պարոն Փաշինյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին էր. «Նա ՀՀ անկախությունից ի վեր եղել է բացառապես պետական պաշտոնյա, բայց 2013-ին Աբրահամյանի եւ իր կնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են ավելի քան 6 մլն դոլար: Հովիկ Աբրահամյանը 2006-ին, երբ գյուղատնտեսական ոլորտը համակարգող նախարար էր, ըստ պաշտոնական հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից ստացել է 1.2 մլն դոլարի եկամուտ»:

Հետո Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին. «Գագիկ Խաչատրյանը ողջ կյանքում եղել է բացառապես պետական պաշտոնյա, իսկ 96-ից աշխատում է Հարկային եւ մաքսային մարմիններում: 2012-ին ինքն ու կինը հայտարարագրել են ավելի քան 6 մլն դոլարի դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանի ընտանիքին են պատկանում բազմաթիվ ձեռնարկություններ, եւ նրա ընտանիքը Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկն է, եթե ոչ ամենահարուստը»:

Նա հարց ուղղեց՝ գործող Սահմանադրության ո՞ր դրույթն է թույլ տվել եւ հնարավոր դարձրել կոռուպցիայի, չարաշահման, հովանավորչության այս երեւույթները եւ ձեր ներկայացրած Սահմանադրության ո՞ր դրույթները, հոդվածները կամ գլուխներն են, որ բացառելու են այս ամենը:

Մինչ Վարդան Պողոսյանը կպատասխաներ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց որ այդ հարցերը Սահմանադրության հետ չեն առնչվում, եւ ենթադրվում էր, որ պատասխան չպետք է ակնկալեր:

Իսկ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ չի կարող գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կարող է բացառել այդ դեպքերը՝ պատգամավորի մեկնաբանություններով. «Որեւէ Սահմանադրություն չի կարող դա բացառել: Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով, ավելի մեծ հավանականություն ունեն կյանքի կոչվելու, եթե հավասարակշռված իշխանական համակարգ կա, որտեղ իշխանության որեւէ ճյուղ մյուսի նկատմամբ գերակայություն չունի: Առնվազն դատական իշխանության՝ արդարադատության միջոցով բոլոր չարաշահումները պետք է վեր հանվեն: Մենք պետականության ստեղծումից քառորդ դար անց դեռեւս չունենք այդպիսի համակարգ եւ չունենք դատական իշխանության անկախության այնպիսի մակարդակ, որը բավարարի հանրությանը»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով, ուրեմն Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է փոխել այն մարդկանց, ովքեր կյանքի են կոչում այն. «Եթե մարդիկ ոտի տակ են տալիս այս Սահմանադրությունը, ոչ մի բան չի խանգարի ոտի տակ տալ այս մյուս Սահմանադրությունը»:

Ըստ Վարդան Պողոսյանի,Սահմանադրության խնդիրը կայանում է նրանում, որ չարաշահումների հնարավորությունները նվազեցնի, բայց նման դեպքերը դրսում էլ են կատարվում: Պետք է անկախ դատարանների միջոցով պատասխանատվության կանչել նրանց, ովքեր խաթարում են իրավական պետության սկզբունքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930