Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս․ «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը» (Տեսանյութ). «Ազատություն»

Սեպտեմբեր 17,2015 13:14

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, շնորհակալություն մեր երևանյան բյուրո այցելելու համար: Ես կցանկանայի նախ հարցնել, թե ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը:

Միլս․ – Ուրախությամբ պիտի նշեմ, որ հարաբերությունները շատ լավ են և ամուր: Մենք գործընկերային հարաբերություններ ունենք բազմաթիվ ասպարեզներում՝ դիվանագիտական, ռազմական, մշակութային: Կարծում եմ, անցած ամիս մեր միջև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը այդ գործակցության և այդ հարաբերությունների ամրության ցուցիչն է: Պետքարտուղարի տեղակալ Նյուլանդի փետրվարյան այցը՝ շատ բարձր մակարդակի այցը, Հայաստանի ժողովրդի և իշխանությունների հետ մեր հարաբերությունների խորության ևս մեկ դրսևորում էր:

«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, մենք գիտենք, որ Դուք Հայաստանի իշխանություններին աջակցում եք բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ է ԱՄՆ-ը հետաքրքրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով: Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում Ձեր առաքելության մաս է կազմում աջակցությունը ժողովրդավարության կառուցմանը, բարեփոխումներին: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված դրանում:

Միլս․ – Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին: Գիտեք, Հրայր, Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Եվ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացումը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Հստակ է մի բան՝ կոռուպցիան խնդիր է, որի դեմ ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները: Մենք ստիպված ենք պայքարել դրա դեմ Միացյալ Նահանգներում, մեզ մոտ կան կոռուպցիայի դեպքեր: Եվ հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: Եվ այստեղ մեր նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին՝ ունենալու պահանջվող գործիքները, օգնել քաղաքացիական հասարակությանը, հայ ժողովրդին՝ ոտքի կանգնելու և ուշադրության կենտրոնում պահելու կոռուպցիայի խնդիրը, օգնել պայքարելու դրա դեմ:

Հրայր Թամրազյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930