Այսօր կառավարության շենքի մոտ նաիրիտցիները բողոքի ակցիա են անում: Նրանք կառավարությունից պահանջում են վերագործարկել «Նաիրիտը»:
Նաիրիտցիները վստահ են, որ «Նաիրիտի» վերագործարկումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը, աճին: Կառավարության այն պնդումներին, որ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ է 250-300 մլն դոլար, նաիրիտցիները համամիտ չեն:
«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը ասաց, որ հայ մասնագետները հաշվարկել են եւ պարզել, որ «Նաիրիտի» վերագործարկման համար կառավարության նշած գումարի կեսից պակասն էլ է բավարար: Անուշ Հարությունյանի խոսքերով՝ հնարավոր է կառավարությանը պարզապես ձեռնտու չէ «Նաիրիտի» վերագործարկումը: Հարությունյանի դիտարկմամբ՝ «Գործարանի նոր գնորդը պիտի նորից աուդիտ անցկացնի եւ այդ ընթացքում բացահայտվեն չարաշահումները, որոնց համար բարձրաստիճան պաշտոնյաներն են պատասխանատու»:
Կարդացեք նաև
Նաիրիտցիները նաեւ իրենց աշխատավարձերի խնդիրը բարձրացրին: Թեեւ բոլորը աշխատավարձերը ստացել են, բայց օրենքով սահմանված աշխատավարձերի ուշացման համար հասանելիք տույժ-տուգանքների գումարը չի վճարվել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ