Երեկ «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը: «Ազատություն» կուսակցության նախագահն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի դաշնակից Հրանտ Բագրատյանը:
Սերժ Սարգսյանի հետ Հրանտ Բագրատյանի հանդիպումն ու ձեռքսեղմումը, բնականաբար, կարժանանա ՀԱԿ-ի վերաբերմունքին: ՀԱԿ-ն այժմ խմբակցության նիստ է գումարում: Հավանաբար հենց այդ հարց են քննարկում:
ՀԱԿ խմբակցության նիստերին, ինչպես հայտնի է, արդեն վաղուց չէին մասնակցում թե Հրանտ Բագրատյանը, թե Նիկոլ Փաշինյանը:
Այն բանից հետո, երբ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նախագահականում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկեց սահմանադրական բարեփոխումների հարցը եւ ՀԱԿ-ի կողմից «հաճախորդ» պիտակին արժանացավ, նա ևս չի մասնակցում խմբակցության նիստերին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց Հրանտ Բագրատյանից ճշտել`չի՞ վախենում, որ ինքն էլ նախկին դաշնակիցների կողմից «հաճախորդ» պիտակը կստանա: Պարզվեց, պարոն Բագրատյանն արդեն Հայաստանում չէ: Նա գիշերը մեկնել էր Կորեա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ