Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի հարցազրույցը ադրբեջանական ExtraTime.az-ին

Սեպտեմբեր 17,2015 11:57

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի գլխավոր անակնկալը թայ-բրեքում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի պարտությունն էր ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին: Հայաստանի հավաքականի առաջատարը երկու անգամ պարտվեց արագ շախմատում եւ դուրս մնաց պայքարից: Շատերի համար աշխարհի գավաթում այդքան արագ մրցելույթներն ավարտելուց հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել ExtraTime.az-ի թղթակցին, որը ներկայացնում ենք կրճատումներով:

«Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում իսկապես շախմատիստների աստղային կազմ է հավաքվել: Բոլոր նրանք, ովքեր կարողացել են գալ Բաքու, հանդես են գալիս աշխարհի գավաթում: Վարկանիշով ես չեմ մտնում հավակնորդների մրցաշար, այդուհանդերձ, նպատակս այստեղ լավ հանդես գալն էր: Դա չստացվեց», – ասել է Արոնյանը:

– Թայ-բրեքում ի՞նչ պատահեց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ խաղում:

– Ես ինչ-որ բան վրիպեցի առաջին պարտիայում, իսկ երկրորդում խաղացի չափից ավելի ավանտյուրային: Իհարկե, առաջին պարտիայում սարսափելի, կարելի է ասել, ամոթալի վրիպում թույլ տվեցի:

– Առաջին արագ պարտիայից հետո մտքեր առաջացա՞ն, որ կորցրածը ետ բերելը խնդրահարույց է լինելու:

-Ոչ, այդպիսի մտքեր երբեք չեն լինում: Վստահություն միշտ կա: Բայց պարտիայում ես ինչ-որ բան այնպես չարեցի: Գուցե շատ շուտ գնացի b4, որից հետո չստացվեց պայքար մղելու պաշարներ պահպանել: Իհարկե, պետք էր համաձայնել ոչ-ոքիի, սակայն ես չեմ ցանկանում ժամանակից շուտ ընդունել պարտությունը:

– Սինքֆիլդի գավաթից հետո, որտեղ դուք հաղթեցիք, տպավորություն էր ստեղծվել, թե լավ մարզավիճակ եք ձեռք բերել: Ձեր մրցելույթն Ադրբեջանում, այնուամենայնիվ, մեկ սխալի՞ գին ունեցավ, թե ձեր մարզավիճակը ալիքաձեւ բնույթ է կրում:

– Ինձ թվում է, որ դա պարզապես, մեկ սխալ էր: Մթագնման: Աշխարհի գավաթն այնպիսի մրցաշար է, որտեղ մեկ մթագնումը մրցաշարի վերջ է նշանակում:

– Կարելի է ասել, որ ներկայիս չեմպիոնական ցիկլը ձեր համար ետեւում մնաց: Հետագայում շախմատի թագի համար պայքարելու շանսեր պահպանո՞ւմ եք:

– Ես միշտ էլ հույսեր պահպանում եմ: Եթե չեմ սխալվում, էլի մրցաշարեր պետք է կայանան, որոնց պետք է մասնակցեմ:

– Դատելով աշխարհի գավաթի արդյունքներից դուք ինչ-որ բան կիսատ ասած լինելու զգացողություն ունեք:

– Իմ զգացողությունները… Այստեղ կարելի է ավելացնել չտպագրելու բազմաթիվ բառեր (ժպտում է): Բայց դրանք բացառապես ինձ են հասցեագրված լինելու:

– Բաքվում աշխարհի գավաթի կազմակերպումն ի՞նչ տպավորություն թողեց ձեր վրա:

– Մրցաշարի կազմակերպումը հիանալի է: Ինձ թվում է, որ Հայաստանի բոլոր շախմատիստները ուրախ են, որ մեզ լավ էին վերաբերվում եւ մենք ոչ մի խնդիր չունեցանք: Գիտե՞ք, միակ խնդիրը մեր մեջ է, քանի որ շախմատիստները սովոր են դուրս գալ զբոսնելու, վազել փողոցում: Դա ինչ-որ ազդեցություն ունենում է: Թեեւ կազմակերպիչներն արել էին բացառապես ամեն բան, որպեսզի դա հնարավոր լիներ, մենք ինքներս չցանկացանք:

– Հաջորդ տարի Բաքվում կայանալու է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մասնակիցների մեջ, հավանաբար, նաեւ Հայաստանի հավաքականի՞ն կտեսնենք:

– Շախմատային օլիմպիադան անցկացվելու է մեկ տարի հետո: Կարծում եմ, որ դա բացառված չէ: Համենայն դեպս, ես ուրախ կլինեմ վերադառնալ Բաքու եւ շախմատ խաղալ…

Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ bakuworldcup2015.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930