Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հարցազրույցից:
-Իշխանության տարբեր ճյուղերի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների արդյունավետության մասի՞ն ինչ կարծիքի եք։
-Բացարձակապես որեւէ առաջընթաց այդ առումով չեմ տեսնում։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե ԱԺ նախագահի հետկանչի մեխանիզմ չկա, ԱԺ-ում նոր խմբակցությունների ձեւավորման հնարավորություն չկա։
Ինչո՞ւ եմ սա ընդգծում. որովհետեւ խորհրդարանական համակարգում շատ կարեւոր է, որ պառլամենտը լինի ոչ թե կառավարությանը կից մարմին (կամ կառավարությունը՝ ԱԺ-ին կից մարմին), այլ իրականում վերահսկի կառավարության գործունեությունը։
Կարդացեք նաև
Իշխանությունների տարանջատման խնդիրը, կարծում եմ, լուծված չէ այս նախագծով։
Շատ պարզ մի օրինակ բերեմ, որ ոչ մեկը չփորձի մանիպուլյացիայի ենթարկել։ Եթե կա քաղաքական մեծամասնություն, որը ձեւավորում է կառավարություն, եւ դու հնարավորություն չես տալիս այդ քաղաքական մեծամասնությանը ինքնադրսեւորվելու՝ քարացած, ստատիկ վիճակ ես ստեղծում, ի սկզբանե բացառում ես որեւէ զարգացում. դա նույնիսկ դիալեկտիկայի օրենքներին է հակասում։
Այս նախագծով Ազգային ժողովն ընդամենը մի գործառույթ է իրականացնում՝ ձեւավորում է կառավարություն եւ փաստացի ավարտում է իր առաքելությունը։ Մինչդեռ Ազգային ժողովը թե՛ նախագահական, թե՛ հատկապես խորհրդարանական համակարգում պետք է եւ պարտավոր է վերահսկիչ գործառույթ իրականացնի, հանդես գա որպես զսպաշապիկ՝ տիրապետելով զսպման հստակ մեխանիզմների ու լծակների։
-Վերջին հաշվով, հակված եք «այո՞», թե՞ «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին։
-Մենք հայտարարությամբ հանդես ենք եկել՝ ասել ենք, որ եթե մեր առաջարկները չընդունվեն, դեմ կքվեարկենք նախագծին։ Դեմ լինելը մեզ համար ինքնանպատակ չէ՝ մենք բովանդակային առումով ենք դեմ եւ ասում ենք՝ որ կետերին համաձայն չենք։
Ուրիշ բան, եթե մեր նկատառումները հաշվի առնվեն. չեմ կարծում, թե որեւէ մեկը առաջնորդվում է խելագարության կանխավարկածով, որ իր առաջարկներն ընդունվելու դեպքում դեմ քվեարկի։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում