Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ պետք է հասկանալ պատճառները, թե ինչու են Հայաստանում կրճատվել օտարերկրյա ներդրումները: Աբրահամյանը ակնարկել է նույնիսկ, որ պատճառը նաև մամուլն է, որը միայն վատ բաներն է տեսնում: Վարչապետի տրամաբանությամբ՝ օտարերկրյա ներդրողներն էլ երևի հայաստանյան մամուլն են կարդում և դրա համար էլ չեն գալիս Հայաստան ներդրում անելու:
Օտարերկրյա ներդրողներն, իհարկե, թերթեր կարդալով չէ, որ գալիս են ներդրումների: Այլապես նրանք կկարդային Հայաստանի թղթային ձեռքբերումների և գրավչության մասին միջազգային զեկույցներն ու հերթ կկանգնեին Հայաստանի դռանը: Օտարերկրյա ներդրողները իրենց գումարները ցանկանում են ներդնել առավել հանգամանալից և համոզիչ ուսումնասիրություններից հետո, և Հովիկ Աբրահամյանը երևի թե լավ կիմանա, որ եթե անգամ կարդում են մամուլը, ապա հետո մանրամասն ուսումնասիրում են այնտեղ գրված իրողությունները՝ պարզելու համար, թե արդյո՞ք իրականություն է ներկայացվածը: Եվ միայն հանգամանալից պարզելուց հետո, որ գրվածն իսկապես իրականություն է, օտարերկրյա ներդրողները հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարելուց:
Իսկ պատճառները հասկանալ Հովիկ Աբրահամյանին պետք չէ, այդ պատճառներն այնքան ակնհայտ են, որ նույնիսկ մեծ խելք պետք չէ դրանք հասկանալու համար: Պետք է ընդամենը Հայաստանում հաստատել օրինականություն, հավասար մրցակցություն, իրավունքի և օրենքի գերակայություն, պայքարել կոռուպցիայի դեմ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, բիզնեսմեններին, խոշոր կապիտալիստներին հեռացնել իշխանությունից, որպեսզի տնտեսական քաղաքականություն վարեն նրանք, որոնք այդ տնտեսությունում չունեն ահռելի քվոտաներ ու անմիջական շահեր, որպեսզի այդ քաղաքականությունը չլինի իրենց շահերի պաշտպանության քաղաքականություն:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում