ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե որեւէ մեխանիզմ, չկա, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ։
– Պարոն Բաղդասարյան, Լեոն Զուրաբյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ չի հայտարարել, որ ԱԺ նախագահ չի ուզում դառնալ, իսկ ձեր խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ելույթից հետո գերակշռող կարծիքն այն է, որ Եսայանը բացահայտեց, թե իրականում ինչ է ցանկանում Սերժ Սարգսյանը։ Դուք ներկա՞ եք եղել Սարգսյանի այդ հայտարարության ժամանակ։
– Ես ամեն ինչին ներկա եմ եղել, եւ Սերժ Սարգսյանը չի սպասում ոչ Լեւոն Զուրաբյանի կարծիքին, ո՛չ էլ Մարգարիտ Եսայանի կարծիքին։ Չի եղել մի դեպք, որ Սերժ Սարգսյանը հայտարարի մի բան եւ ժխտի դա, ես միայն դա գիտեմ։ Թե ինչ է ասել Լեւոն Զուրաբյանը, ես ցանկություն չունեմ ընդհանրապես նման դեմագոգներին մեկնաբանելու կամ պատասխանելու։ Իսկ Մարգարիտ Եսայանը պարզապես իրականության հետ կապված բան է ասել, որ ո՞ւմ ինչ գործն է, նա ՀՀ քաղաքացի չէ՞, որ կարողանա ինչով ուզենա՝ զբաղվի։ Մարգարիտ Եսայանի ասածն ընդամենը դա էր։ Իսկ Սերժ Սարգսյանը ինչ ասում է, այն էլ անում է:
– Բայց Արամ Մանուկյանն էլ երեկ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր թանկացված էլէներգիան ամբողջությամբ սուբսիդավորելու մասին, այնինչ հետո պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ, ու հիմա ոչ ոք նրա «հորս արեւ»-ներին չի հավատում։
Կարդացեք նաև
– Ամբողջ ժողովուրդը Արամ Մանուկյանին ու իրենց նմաններին չի հավատում, որ Արամ Մանուկյանը իրեն (նկատի ունի Սերժ Սարգսյանին) չի հավատում, դրա համար պիտի նստենք, դարդ անե՞նք։ Այն, ինչ հայտարարվել է, այն էլ կատարվել է, խոսքը բնակչության օգտագործած էլէներգիան սուբսիդավորելու մասին է եղել, եւ ոչինչ չի դրժվել։ Ինչ էլ անենք, նրանք մի բան պետք է գտնեն։ Նրանք այն մարդիկ են, որոնք հայտարարել էին, որ ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների քննարկումներին չեն մասնակցելու։ Հենց հեռուստաէկրան են տեսնում, խոսափող են տեսնում, որպեսզի նկարվեն, անմիջապես արդեն կան եթերում։ Սկզբունքային մարդի՞կ են, ես ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ այդ մարդկանց ասածները։ Մենք քննարկում ենք սահմանադրական բարեփոխումները, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ մյուս անհատների ասածները։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում