Նրանք, ովքեր պատրաստվում են «այո» ասել նոր Սահմանադրությանը, այդ մարդիկ, բնականաբար, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են: Նրանք, ովքեր հանդիպում են նախագահի հետ՝ սահմանադրական փոփոխությունները քննարկելու, նրանք ռեժիմի սպասարկուներ են: Բայց նրանք, ովքեր դեմ են նոր Սահմանադրության նախագծին, սակայն այն պատճառով, որ իրենց դուր չի գալիս դրա բովանդակությունը, եւ ոչ թե այն պատճառով, որ նրանք խորաթափանց կերպով «վերծանել են» Սերժ Սարգսյանի առաջիկա երկուսուկես տարվա ծրագրերը, այդ մարդիկ նույնպես «Բաղրամյան-26»-ի հաճախորդներ են: Որովհետեւ խնդիրն իրականում Սահմանադրության փոփոխությունը տապալելը չէ: Նպատակը շատ ավելի «նեղ է». քանի որ ՀՀ առաջին նախագահն ասել է, որ նոր Սահմանադրությամբ երկիրը ղեկավարելու է ԱԺ խոսնակը, եւ ներկայիս նախագահը հավակնում է այդ պաշտոնին, ուրեմն վերջ՝ բոլորս պետք է լծվենք այդ թեզն ապացուցելու գործին: (Երբ այդ կանխատեսումը չիրականանա, ոչ ոք չի ասի՝ «կներեք, սխալվեցի»):
Ահա եւ ստացվում է, որ խորհրդարանը ժամանակ է վատնում անձնական խնդիր քննարկելու վրա՝ Սերժ Սարգսյանը կգնա՞ տուն, չի՞ գնա, պիտի՞ գնա, թե՞ ոչ: Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախկին եւ գործող նախագահների հանդեպ, ինձ թույլ տամ ենթադրելու, որ Ազգային ժողովը, քաղաքական եւ լրատվական դաշտը չպիտի կենտրոնանան որեւէ անձի մտադրությունների վրա: Շատ ավելի արդյունավետ կլինի մտածել՝ ինչպես անել, որ որեւէ անձ, ինչպիսի չար մտադրություններ էլ ունենա, չկարողանա դրանք իրագործել:
25 տարի քաղաքական պայքարն ընթանում է անձերի շուրջ եւ այդպիսով դառնում գորշ, անհետաքրքիր, մանր, անմակարդակ: Անձնական գործոնի ուռճացումն անխուսափելիորեն հանգեցնում է դոգմատիզմի եւ պարանոյայի: «Վախ, ինչ լավ քլնգեցին սրան» – «Էդ դու մեր ախպո՞րն ես քլնգել»: Պատահական չէ, որ մեր կայքի երեկվա ամենակարդացած նյութն էր երկու պատգամավորների վեճը՝ «հըլը դուրս գանք, խոսենք» մակարդակով: Որովհետեւ մենք սովորեցրել ենք մեր քաղաքացիներին մտածել անձերի, ոչ թե ինստիտուտների մակարդակով՝ «որ Պողոսը գնա, Պետրոսը գա ղեկավարի, կարո՞ղ ա՝ մեզ լավ նայի»:
Բարեբախտաբար, իմ եւ ավագ սերնդին հատուկ այդ մտածողությունն աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը, որովհետեւ փոխվում են թե՛ քաղաքացիները եւ թե՛ քաղաքական գործիչները: Հաջորդ սերունդը, որքան հասկանում եմ, նպատակ է դնում վերացնել Հայաստանում ստեղծված արատավոր, անընդհատ հանցագործություններ ծնող համակարգը: Դա ավելի կարեւոր է, քան ապացուցել, որ դու միշտ ճիշտ ես:
…Նրանք, ովքեր բողոքում են հոսանքի թանկացման դեմ, դարձյալ ռեժիմի գաղտնի գործակալներն են, որովհետեւ շեղում են հասարակության ուշադրությունը «ոչ»-ի ճակատից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱՄՆ՝ 19-րդ դար
== երկրի ղեկավարությունը պետք է միասնաբար իրագործի այն, ինչ հնարավոր չէ իրագործել միայնակ՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնի, կրթի աշխարհի լավագույն աշխատուժը, ներդրումներ կատարի առաջատար հետազոտությունների մեջ, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան այդ հետազոտություններն օգտագործել նոր ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու համար, շուկայում հիմնարար կանոններ սահմանի, որոնք կխթանեն նորարարությունն ու արդար մրցակցությունը, դրանով իսկ ապահովելով շուկայական տնտեսության բարգավաճումը եւ ապահովագրելով բոլորիս կյանքը վայրիվերումներից: ==
https://www.aravot.am/2015/09/17/609565/
Տզրուկաշեն՝ 21-րդ դար
== երկրի ղեկավարությունը պետք է միասնաբար իրագործի այն, ինչը չի կարող Սատրապն իրագործել միայնակ՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնի, կթի աշխարհի լավագույն աշխատուժը, ներդրումներ կատարի մենաշնորհացման մեջ, որպեսզի ձեռնարկատերերը առանց մուծվելու կամ ծանր տուգանքների ենթարկվելու չկարողանան որևէ մեխանիզմ օգտագործել նոր ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու համար, շուկայում չգրված հիմնարար կանոններ սահմանի, որոնք կսանձեն նորարարությունն ու արդար մրցակցությունը, դրանով իսկ ապահովելով շուկայական տնտեսության յուրացումը, ապահովագրելով իշխանական վերնախավի կյանքը վայրիվերումներից: ==