Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կարող է տալ նոր Սահմանադրությունը

Սեպտեմբեր 17,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են  ԱԺ պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Արամ Աբրահամյան.- Կա այսպիսի տեսակետ` դեմ եք Սերժ Սարգսյանին, ուրեմն դեմ պետք է լինեք Սահմանադրությանը, կողմ եք Սերժ Սարգսյանին, ուրեմն պետք է «այո» ասեք Սահմանադրությանը, այսինքն` քաղաքական դաշտը, ըստ ձեր որոշ գործընկերների, կիսվում է երկու մասի: Համաձա՞յն եք:

Վահե Էնֆիաջյան.– Յուրաքանչյուր կարծիք պետք է ունենա իր հիմնավորումը, եւ միեւնույն ժամանակ, եթե խոսում ենք քաղաքակիրթ պետությունից, բնականաբար՝ նմանատիպ Սահմանադրությունից, մենք պետք է լինենք կարծիքների հանդեպ հանդուրժող՝ անկախ նրանից, թե որ քաղաքական հայացք ունեցող ներկայացուցիչն է կարծիք հայտնում: Այս պարագայում նաեւ «Ոչ» նախաձեռնության ներկայացուցիչներն ինչ մտքեր կձեւակերպեն, եւ այն քաղաքական գործիչները, քաղաքացիները, ովքեր որ համակարծիք են սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ, նրանք պետք է հանդուրժող լինեն մեկը մյուսի նկատմամբ: Ի վերջո` պետք է երկրում այն ընտրությունները, այն հանրաքվեն տեղի ունենա, որը տրամաբանված եւ ընկալելի լինի նաեւ միջազգային հանրության համար: Ես սա էլ եմ շատ կարեւորում, որովհետեւ դա մեր երկրի հեղինակության հարցն է: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք` այս Սահմանադրության մոդելը 3 բեւեռները շատ ավելի հստակ ուրվագծում է՝ նախագահ, կառավարություն եւ Ազգային ժողով, եւ հիմնական լիազորությունների կրճատումը գնում է հենց նախագահի ինստիտուտի հաշվին: Այս հարցի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ եւ հայտարարություններ են հնչել, որ գերլիազորություններով նախագահի ինստիտուտը ընդհանուր առմամբ բավականին մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Առհասարակ, եթե վերցնենք համաշխարհային փորձը, ժողովրդավարության պակաս առավել հաճախ նկատվում է նախագահական պետություններում:

Ա. Ա.– Եթե դուք չեք միանում «Ոչ-ի ճակատ»-ին, ուրեմն դուք Սերժ Սարգսյանի կողմնակիցն եք, համաձա՞յն եք:

Լյուդմիլա Սարգսյան.- Իհարկե՝ ոչ, շատ ծայրահեղ ձեւակերպում է: Կարող ես Սերժ Սարգսյանին դեմ լինել, բայց դեմ չլինել Հայաստանի ապագային` պետք է կողմ լինել Հայաստանի ապագային: Հիմա որքան էլ որ ասվում է, որ այս սահմանադրական փոփոխությունների նախագիծը պահանջված չէ ժողովրդի կողմից, այդուհանդերձ՝ գործընթացը գնում է հանրաքվեին, ժողովրդի մի մասը շատ լավ գիտակցում է, որ սահմանադրական փոփոխություններով չի, որ իր կյանքը բարեփոխվելու է, բայց, այդուհանդերձ, մենք չենք կարող չընդունել, որ ե՛ւ 1995 թվականի Սահմանադրությամբ էին կեղծվում ընտրությունները ե՛ւ 2005թ.-ի փոփոխություններով:

Այսինքն՝ Սահմանադրությամբ չի պայմանավորված իշխանության վերարտադրությունը, վերարտադրության հնարավորություն իշխանությունը միշտ էլ ունեցել է: Յուրաքանչյուր իշխանություն այդ նպատակը հետապնդում է, մեղադրել, թե Հանրապետականը ուզում է վերարտադրվել, կարծում եմ` այդքան էլ օբյեկտիվ չի, այլ հարց է, թե որքանով է դա մեզ գոհացնում: Եվ վերջապես` ես կարծում եմ, որ տարանջատվում են իշխանական բեւեռները, եւ այլեւս միակենտրոն չի լինելու իշխանությունը, դա արդեն դրական եմ համարում, որովհետեւ մենք տեսել ենք միակենտրոն իշխանության արդյունքները` կեղծված ընտրություններ, ձերբակալություններ, բռնություններ…

Եթե նախագահական կառավարման համակարգում այդ ամենը տեղի էր ունենում, միգուցե փորձենք խորհրդարանակա՞ն կառավարման համակարգը, միգուցե այստեղ ինչ-որ բան փոխվի: Վերջապես փաստ է, որ ամեն մի Սահմանադրություն գործի է դրվում այն ժամանակ, երբ իշխանությունը քաղաքական կամք է դրսեւորում, հիմա, եթե հույս ունենանք` եթե ոչ այսօրվա համար է այս Սահմանադրությունը, ապա ապագայի համար, այն աշխատելու է: Միգուցե այսօրվա իրողություններին համահունչ չի այս նոր Սահմանադրությունը, բայց չէ՞ որ մենք ապագայով նաեւ պիտի ապրենք եւ պիտի նայենք, թե ինչ ապագա է ունենալու մեր երիտասարդ սերունդը: Ես վստահ եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը՝ անկախ ամեն ինչից, եթե մանավանդ արդեն իսկ տեսանելի է, որ մեծամասնական ընտրակարգը հանվում է, ուրեմն դա արդեն դրական է:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930