Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտող կողմերին զենք վաճառելը հակասում է մի շարք միջազգային նորմերի. Մարթա Այվազյան

Սեպտեմբեր 17,2015 15:30

Ըստ Մարթա Այվազյանի՝ ՌԴ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր,
կրում է պատասխանատվություն բանակցային գործընթացին չխոչընդոտելու համար, ՀՀ-ն վաղուց պետք է այս հարցը բարձրացներ միջազգային ատյաններում:

– Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվա մեկնեց: Պաշտոնական տեղեկատվությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունները եթե դիտարկենք, ի՞նչ տպավորություն ստացաք: Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններն, առհասարակ, վերջին շրջանում պատշաճ մակարդակի՞ են:

– Ըստ էության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, մասնավորապես` վերջին տարիներին, բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական գործընկերություն սահմանմանը: Ռուսաստանի համար իրական եւ ցանկալի գործընկերը Հարավային Կովկասում ներկայումս Ադրբեջանն է, իսկ Հայաստանը հիմնականում սպասարկում է մեր տարածաշրջանում ՌԴ քաղաքատնտեսական շահերը՝ ի վնաս սեփական պետականության եւ ժողովրդի շահի: Այնպես որ՝ խոսել ռազմավարական հարաբերությունների որեւէ մակարդակի մասին ներկայիս իրավիճակում գտնում եմ անիմաստ: Ինչ վերաբերում է պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվությանը կամ ՌԴ նախագահի եւ Ս. Սարգսյանի կողմից արվող հայտարարություններին, մասնավորապես՝ փոխշահավետ համագործակցության խորացման շուրջ, ապա, իմ կարծիքով, դրանք դեկլարատիվ բնույթի արարողակարգային երեւույթներ են եւ չեն արտացոլում ինչպես մեր հարաբերությունների իրական պատկերը, այնպես եւ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բովանդակությունը:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

– Ռուսաստանից հերթական մեկնաբանությունը հնչեց Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասին, դարձյալ Արեւմուտքի «ականջներն» են տեսնում դրանց կազմակերպման հարցում: ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարծում է, որ վերջերս ստեղծված իրավիճակը ինչ-որ բանով հիշեցնում էր 2014թ. ուկրաինական մայդանը։ Բաստրիկինը թերահավատություն է հայտնել հատկապես, թե ինչու է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ ինքնիշխան ղեկավարությունից պահանջել մանրամասն հետաքննել կատարվածը` նշելով. «Հայաստանում այդ ճգնաժամը չվերածվեց զինված հակամարտության այն պատճառով, որ ԼՂ հակամարտության դառը փորձից դասեր քաղած ղեկավարությունը ճիշտ եզրակացություններ արեց եւ թույլ չտվեց, որ երկրում ազգայնական, արմատական-կրոնական կամ այլ ծայրահեղական գաղափարախոսությամբ տոգորված զանգվածները գլուխ բարձրացնեն»։ Ձեր կարծիքով՝ Հայաստանը հիմքե՞ր է տվել ՌԴ-ի կողմից այս աստիճան անվստահության արտահայտման համար, թե՞ այս ձեւով պարզ, շանտաժի քաղաքականության գործիքներ են բանեցվում:

– Սկսենք նրանից, որ ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որեւէ այլ պետության Քննչական մարմնի որեւէ ներկայացուցչի կողմից մեր ներքին իրադարձությունների վերաբերյալ նման գնահատականների հնչեցումը եւ զարգացումների պիտակավորումը: Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանում, ինչպես նաեւ իրենց ազդեցության ոլորտում գտնվող այլ պետություններում ընթացող՝ բացարձակ տարբեր էություն ունեցող դեպքերը եւ սկզբունքորեն անհամեմատելի երեւույթները, պատմական զարգացումները ու քաղաքական գործընթացները միեւնույն հարթության վրա դնելը, նույնականացնելը եւ նման ձեւակերպումներով այդ զարգացումներին մեկնաբանություններ ու գնահատականներ տալը բացահայտում են ՌԴ-ի քաղաքական օրակարգը եւ նպատակաուղղված են, նախ եւ առաջ, ռուս հասարակության մեջ իրականության հետ գրեթե որեւէ կապ չունեցող եւ որոշակի քաղաքական նպատակներին ծառայող հասարակական կարծիք ձեւավորելուն: Դրանով նաեւ հիմնավորվում եւ արդարացվում են ինչպես իրենց հնարավոր քայլերը՝ անկախ դրանց օրինականությունից, այնպես եւ տվյալ երկրների իշխանությունների գործողությունները:

Այս առումով հատկանշական է, որ Բաստրիկինը, ով, բնականաբար, արտահայտում է ՌԴ իշխանությունների մոտեցումը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները Երեւանում համեմատում է ուկրաինական մայդանի հետ եւ այդ ենթատեքստում հիշատակում ԼՂ հիմնախնդիրը՝ ներկայացնելով այն պարզապես որպես «ազգայնական, արմատական-կրոնական կամ այլ ծայրահեղական գաղափարախոսությամբ տոգորված զանգվածների» կողմից հրահրված հակամարտություն: Այս ամենով նա ոչ միայն խեղաթյուրված կերպով է ներկայացնում բոլոր այս դեպքերը եւ քաղաքական զարգացումները, այլ նաեւ արդարացնում է ցանկացած հասարակական ընդվզում ճնշելուն ուղղված իշխանական բոլոր գործողությունները: Եվ, այո, նման ձեւակերպումները որոշակի քաղաքական շանտաժ են պարունակում, որն, իմ կարծիքով, ուղղված է ոչ այնքան ՀՀ իշխանություններին, որոնք ամեն դեպքում չեն վայելում վստահություն նաեւ ռուսական իշխանությունների մոտ, այլեւ հիմնականում մեր հասարակությանը:

– Երկու տարի է լրացել, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց ԵՏՄ-ին` Հայաստանի անդամակցելու որոշման մասին: Թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումներով ի՞նչ է փոխվել մեր կյանքում:

– Որեւէ դրական փոփոխություն չկա եւ չի էլ ենթադրվում, իսկ բացասական հետեւանքներն արդեն վաղուց տեսանելի են: Մասնավորապես, տնտեսական ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է, ապրանքների արտահանումը դեպի ՌԴ, ինչպես նաեւ կազմակերպության շրջանակներից դուրս պետություններից ապրանքների ներկրումը բարդացել եւ թանկացել են, նվազել են միջազգային ներդրումները: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին: ԵՏՄ գործընթացների վերաբերյալ պարբերաբար իրենց խիստ դժգոհությունն են հայտնում նաեւ Բելառուսը եւ մասնավորապես Ղազախստանը: Ղազախ արտադրողները նույնիսկ սպառնում են համապատասխան դատական գործընթացներ սկսել ՌԴ-ի դեմ:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա սա ի սկզբանե բացարձակ շահարկում էր, ուստի եւ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին չէր կարող ուղղակի ազդեցություն ունենալ մեր ռազմական անվտանգության վրա: Սակայն իրական վտանգ է եւ ՀՀ, եւ ԼՂ անվտանգության համար Ռուսաստանի ցանկությունը Ադրբեջանը նույնպես տեսնել ԵՏՄ կազմի մեջ, քանի որ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից մեզ պարտադրված որոշակի զիջումների ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում:

– Բավական ժամանակ է՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, որքանո՞վ է ադեկվատ Ռուսաստանի պահվածքը ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների տեսակետից: Վերջերս ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկին հարցրել էին` ակնկալվո՞ւմ է սպառազինության նոր խմբաքանակի վաճառք Ադրբեջանին, նա պատասխանել էր. «Եթե անգամ ՌԴ-ն զենքի նոր խմբաքանակ վաճառի Ադրբեջանին, չի նշանակում, որ ՌԴ-ն այլեւս չի կատարելու իր պարտավորությունը: Մենք վերահսկում ենք իրավիճակը, անգամ վաճառված զենքի փամփուշտները, մասերը… Ավելի լավ չէ՞ Ադրբեջանը մեզնից գնի, որ մենք իմանանք՝ ինչքան ենք վաճառել, ինչ ենք վաճառել ու այդպիսով վերահսկենք իրավիճակը, քան մեկ այլ երկրից գնի ու չիմանանք»: Այս կարծիքը հաճախ է հնչում, բայց որպես ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող երկիր` ՌԴ-ն, Ձեր կարծիքով, խաղաղության հաստատմա՞նն է նպաստում, թե՞ պատերազմի բռնկմանը:

– Ինչ վերաբերում է Ադրբեջանին սպառազինությունների վաճառքին, նախ՝ չկարգավորված հակամարտության պայմաններում հակամարտող կողմերին զենք վաճառելն ընդհանրապես հակասում է մի շարք միջազգային նորմերի, ստեղծում է լարվածություն եւ խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նաեւ խթանում է խաղաղության հաստատումը եւ զինադադարը վտանգող սպառազինությունների մրցավազք: Սա, տվյալ դեպքում, ձեռնտու է Ռուսաստանին՝ որպես զենքի մատակարար ինչպես Ադրբեջանին, այնպես նաեւ Հայաստանին: Չմոռանանք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձեւերը, որոնք կոչ են անում պետություններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հավելյալ լարվածություն առաջացնել կողմերի միջեւ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություններ վաճառելը, մասնավորապես, անընդունելի է՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկն է եւ կրում է երկակի պատասխանատվություն բանակցային գործընթացին խոչընդոտներ չստեղծելու տեսանկյունից, եւ Հայաստանը վաղուց պետք է այս հարցը բարձրացներ միջազգային ատյաններում:

Հայաստանի տարածքի գնդակոծությունները եւ ՌԴ-ի պահվածքը՝ լինի դա ՀԱՊԿ-ի, թե երկկողմ հարաբերությունների շրջանակում, մեկ անգամ եւս փաստում են, որ Ռուսաստանը բացարձակ վստահելի գործընկեր չէ եւ որեւէ առումով չի կարող հանդես գալ որպես մեր անվտանգության համակարգի մաս:

ODKB

Իսկ այն պնդումը, որ Ռուսաստանը՝ իմանալով, թե ինչ զինատեսակ եւ ինչքան է վաճառել Ադրբեջանին, վերահսկում է իրավիճակը, պարզապես տարօրինակ է եւ տպավորություն է ստեղծում, որ գնդակոծությունները նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո: Ընդհանրապես, հակամարտությունների շահարկումը, բոլոր հնարավոր միջոցներով լարվածության հրահրումը եւ անկայունության պահպանումը, աջակցությունը կոռումպացված եւ դրանով իսկ կառավարելի իշխանություններին, Ռուսաստանին հասու այն միակ լծակներն են կամ մեթոդները, որոնք մշտապես օգտագործում են ՌԴ իշխանությունները, մասնավորապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում իրենց ազդեցությունը պահպանելու եւ նպատակներին հասնելու համար: Եթե նկատել եք, մեր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ ԼՂ սահմաններում, լարվածության աճին հաճախ հաջորդում են Սարգսյանի հանդիպումները ՌԴ նախագահի հետ կամ այլ մակարդակով հայ-ռուսական բանակցություններ, որոնց արդյունքները, որպես օրենք, լինում են հօգուտ ՌԴ շահերի: Եվ այս առումով կարելի է միանշանակ ասել, որ խաղաղության եւ կայունության հաստատումը Հարավային Կովկասում հակասում է ՌԴ շահերին ու նպատակներին:

– Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Հայաստանով իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու ծրագիրը որքանո՞վ եք իրագործելի համարում:

– Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում չեմ բացառում, որ այդ ծրագիրը իրականացվի: Դրա իրագործման մեջ հետաքրքրված են եւ Իրանը, եւ եվրոպական պետությունները: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, որն ամբողջությամբ վերահսկում է ՀՀ իշխանություններին եւ ունի մենաշնորհ Հայաստանում գազի ներկրման, տեղափոխման եւ սպասարկման ոլորտում, կարող է չընդդիմանալ Հայաստանով դեպի Եվրոպա գազի տարանցման ծրագրին եւ փորձել այդ ծրագիրը հնարավորինս օգտագործել իր նպատակների համար: Ամեն դեպքում, որոշակի ներքաղաքական փոփոխությունների պայմաններում այդ ծրագրի իրագործումը երկարաժամկետ տեսանկյունից կլինի ի նպաստ Հայաստանի շահերի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930