Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում ամեն ինչ թանկացել ա, բայց մեր խաղողն ուզում են էժանով մթերեն»

Սեպտեմբեր 17,2015 15:00

Աղավնաձորցիներն ասում են՝ իրենց խաղողի
200 դրամ գինն էլ համարժեք չէ գնաճին ու իրենց արած ծախսերին

Ամեն տարի խաղողի բերքահավաքից մոտ 1 ամիս առաջ Վայոց ձորի մարզի որոշ համայնքների բնակիչներ նյարդային ցնցումներ են ապրում: Գյուղացիներն ամիսներով չարչարվելով՝ իրենց այգիներն են մշակում, հաշվարկում իրենց ծախսերն ու տարվա եկամուտը, որը մեծամասամբ գոյանում է խաղողի մթերումից է, մեկ էլ հանկարծ լուրեր են տարածվում, որ բերքն էժան գներով են իրենցից գնելու:

Այս տարի էլ նույն իրավիճակն է: Աղավնաձոր համայնքում խաղողի բերքահավաքը սկսվում է հոկտեմբերի 10-ից, ու բնակիչներին արդեն 1 ամիս առաջ ասել են, որ խաղողի կիլոգրամը 170 դրամով են մթերելու. սա հարուցել է գյուղացիների դժգոհությունը:
«Առավոտի» հետ զրույցում աղավնաձորցիները, որոնք հիմնականում «Արենի» տեսակի խաղող են մշակում, վստահեցրին, որ այս տարի այգիների մշակման ծախսերն ավելի շատ են եղել, ինչի արդյունքում 170, նույնիսկ 200 դրամը քիչ է 1 կիլոգրամ խաղողի համար:
«Օրինակ՝ այս տարի ջրի ծախսն ենք շատ արել, առաջ տարածքով էին հաշվարկում, հիմա ջրաչափով է, իսկ մեր այգիները Նորավանքի վերեւի ժայռերի չոր հողերն են, որոնք ջուր շատ են կլանում: Թունաքիմիկատն ենք թանկ գնել, վարկերն են բարձր տոկոսներով, հլը մեր տանջանքները չենք հաշվում, էն մնացածն իրար գումարած՝ 1 կիլոգրամը 170-180 դրամ ի՞նչ խաբար ա»,- նեղսրտած պատմեցին գյուղացիները:

Աղավնաձորցիների խոսքերով՝ շատ քչերն են կարողանում 14%-ով գյուղվարկ վերցնել, բոլորն են հերթագրվում, բայց բոլորին չի հասնում. այս գյուղվարկի 14%-ից 4%-ը պետությունն է սուբսիդավորում. «Բնական է, որ սաղ էլ կուզեն էդ վարկից ստանան, բայց մեծ մասը գնում է բանկ, Ագբա-Ագրիկոլն ա, ասում են՝ էլ չենք կարող տալ, նախատեսված գումարը վերջացել է: Մեր գյուղից այս տարի 5-10 հոգի է էժան վարկ ստացել: Մնացածը ստիպված գնացել են 18%-ով դոլարով վարկ են վերցրել: Դոլարն էլ, տեսաք, թանկացել ա, ու մենք տուժում ենք: Հիմա որ ասում են՝ ձեր խաղողը 170-180 դրամ ենք մթերելու, մարդ քիչ ա մնում ինֆարկտ ստանա: Անցյալ տարի 220 դրամով ենք վաճառել, երկրում այս տարի ամեն ինչ թանկացել ա, ամեն ինչ, բայց, չգիտես ինչու, մեր խաղողը, որի շաքարայնությունը բարձր ա, պիտի էժան տանք: Էս տեսակ էլ անարդարություն կլինի՞ բա:

Ոնց որ մեր աշխատանքը ջուրը գցեն»: Աղավնաձորցիների վստահեցմամբ՝ իրենց պատճառաբանում են, որ մթերող ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեն:
Գյուղացիները բերքի մթերման հետ կապված այլ խնդիր էլ նշեցին. ասացին, որ չեն հասցնում ժամանակին բոլորի բերքը հավաքեն ու հանձնեն, մեքենաները քիչ են, ու մինչեւ հերթով հավաքում են, հերթի վերջին գյուղացիների խաղողը չորացած է լինում: Գյուղացիներն իրենց միջոցներով են բերքահավաքն անում, մեքենա վարձում ու տանում հանձնում վերամշակողներին, որոնք էլ 10 դրամ ավելի վճարում են որպես ճանապարհածախս:

Այնուամենայնիվ, գյուղացիներն առաջնային ու արդեն, ինչպես իրենք ասացին՝ «կոկորդներին ոսկորի պես նստած» խնդիր են նշում՝ վարկերը: Շատերն այլեւս չեն էլ կարողանում հեկտարներով այգիները մշակել, ում հաջողվում է՝ վարձակալությամբ են տալիս, ում էլ՝ ոչ, անմշակ թողնում ու ընտանիքներով խոպանի ճամփան են բռնում:

«Ոչ մի տարի ոչ մի հատիկ խաղող չի մնացել` մթերվել է, այս տարի եւս կմթերվի: Երկրի նախագահն էլ երաշխավորել է, որ որեւիցե մթերող ընկերություն չի կարող հրաժարվել խաղողը մթերելուց: Ուղղակի սակագնի խնդիր կա. գյուղացին մտածում է, բնականաբար, ավելի գնով վաճառել, մթերողը մտածում է` հնարավոր ցածր գներով մթերել»,- մեզ հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ նախնական որոշված 1 կիլոգրամ խաղողի դիմաց 180 դրամ գինը բացառվում է. «Այստեղ 200-ին մոտիկ եւ մարզից դուրս հանելու ճանապարհածախսը գյուղացիների վրա չմնալու հարցն է, որ քննարկվում է»: Մարզպետի խոսքերով՝ Արենի եւ Ռինդ գյուղերի բնակիչների հետ կնքվել են պայմանագրեր, եւ միայն Աղավնաձոր գյուղում է, որ դեռ անհրաժեշտ է գյուղատնտեսության նախարարի, մթերող ընկերությունների հանդիպում կազմակերպել, միասին քննարկել սակագնի եւ մթերման կազմակերպման խնդիրները, որպեսզի գյուղացիները չտուժեն. «Միայն պայմանագիր կապել եւ ընդունելը չէ, այստեղ պետք է տարանջատել նաեւ լավն ու վատը, կան մասնագիտական հարցեր, կարծում եմ՝ գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի, որպեսզի բարձր շաքարայնություն ունեցող, ինչպես նախկինում է եղել, այսինքն՝ որ մարդ լավ է աշխատում, լավ է մշակում, որակյալ բերքը պետք է համապատասխան արժեքն ունենա, ցածր գին ունենա ցածր շաքարայնությամբ եւ վատ որակ ունեցող խաղողը: Պետք է լինի մինիմումից մաքսիմում գին՝ ըստ խաղողի որակի»:

Պարոն Սարգսյանն ասաց, որ մարզում կան 9 մեծ եւ փոքր մթերող կազմակերպություններ, բոլորն էլ պատրաստ են այս տարի խաղող մթերել, նույնիսկ մարզից դուրս գտնվող մեծ ընկերություններն են պատրաստ, սակայն խնդիրն այն է, որ այդ ընկերություններից շատերը ժամանակի ընթացքում ստեղծել են իրենց խաղողի այգիները:
«Գյուղացին հո ավելի գին չի ուզում, կամ ասի` ինձ այսքան գումար է անհրաժեշտ, դրա համար եմ այդքանով վաճառում խաղողը, ուղղակի ինքնարժեք ու գումարած մի փոքր շահույթ»,- ասաց մարզպետը: Ըստ նրա՝ այս տարին անցած տարիներից տարբերվում է նրանով, որ բոլոր արտադրող ընկերությունները արտահանման հետ ոչ մի խնդիր չունեն, բայց ռուբլու արժեզրկման պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում պայմանագրերի հետ. «Հիմա չեն արտահանում, չեն վաճառում, եւ տարաները լիքն են, ռուբլու տատանման հետ կապված բոլորը վնասներ են կրել»:

Սարգսյանը վստահեցրեց, որ չնայած այս տարվա գարնանը կարկուտի պատճառած վնասներին՝ նախատեսվում է մթերել անցած տարվա ցուցանիշին մոտ՝ 5 հազար եւ ավելի տոննա խաղող:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ. Վայոց ձորի մարզ այցելությունը կազմակերպել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930