Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Հերմինե Նաղդալյանի եւ ուժայինի աշխատակցի ցուցմունքներին հավատացել է, կոոպերատիվի տերերինը՝ կասկածի տակ դրել

Սեպտեմբեր 17,2015 14:30

«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադեւոսյանը, որոնց գործունեությունից տասնյակ բնակիչներ էին տուժել, եւ որոնք այժմ այդ գործով ձերբակալված են, իրենց ցուցմունքներում սեւը սպիտակի վրա գրել են, որ Հերմինե Նաղդալյանից եւ նրա ամուսնուց՝ Դավիթ Բեգլարյանից, 300 հազար դոլար են տոկոսով վերցրել՝ փոխարենը դրա դիմաց տալով 14 բնակարան: Այսինքն՝ կոոպերատիվի ղեկավարներն իրենց կառուցած շենքից այդ բնակարանները, որոնց համար բնակիչներն արդեն իսկ վճարել էին, գրավադրել են Հերմինե Նաղդալյանի մոտ: Սակայն ամուսինները քննչական մարմնում պնդել են, թե այդ բնակարանները գնել են՝ մեկ քմ-ի դիմաց վճարելով 260 դոլար:

Դատարանը, չգիտես ինչու, կոոպերատիվի ղեկավարների ցուցմունքներն արժանահավատ չի համարել եւ հալած յուղի տեղ ընդունել է տիկին Նաղդալյանի եւ նրա ամուսնու ցուցմունքները: Ամուսինները, ճիշտ է, բնակարաններից 8-ը վերադարձրել են տերերին, քանի որ նրանց հետ եկել են համաձայնության եւ գումարի մի մասը, ինչպես բնակիչներն են հավաստիացնում, նույն բնակարանի դիմաց ստացել են, սակայն մնացած 8 բնակարանը դեռ ամուսինների ձեռքում է:

Այս գործով դատավարությունն արդեն 4-5 տարի է, ինչ ընթանում է:
Օրերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել ի վնաս այս բնակարանների սեփականատերերի, որոնց բնակարանները գրավադրված են հայտնի անձանց մոտ: Բացի Հերմինե Նաղդալյանից եւ նրա ամուսնուց՝ կան եւս հայտնի մարդիկ, որոնք ուժային կառույցի աշխատակիցներ են, եւ դատարանի վճռով նրանք էլ են արդարացվել: Բնակիչների խոսքերով՝ ովքեր պետք է վաշխառության հոդվածով դատապարտվեին, գործից մաքուր են դուրս եկել. «Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Առաքելյանը, ով ԱԱԾ պաշտոնյա է եղել, Ռազմիկ Ավագյանը այդ ցանկում են, որոնք տոկոսով գումարներ են տվել եւ մեր բնակարաններն իրենցով արել: Այդ ամբողջ գործերը ջրի երես հանելու փոխարեն՝ մեղադրող դատախազ Երիցյանն ու դատավոր Մարինե Մելքոնյանը բոլոր վաշխառուներին մաքուր են հանել: Ներկայացրել են, որ մեզ նման մաքուր ու բարեխիղճ գնորդներ են»:

Երեկ տուժած բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ են հանձնել՝ պահանջելով արդար դատավարություն:

Հիշեցնենք, որ կոոպերատիվի կառուցած բազմաբնակարան շենքը գտնվում է Երեւանի Գեւորգ Չավուշի 14/3 հասցեում: Կառուցապատողը շենք կառուցելու նպատակով 2007 թվականին գումարներ էր հավաքել, որի դիմաց խոստանալով բնակարաններ: Սակայն ունենալով ֆինանսական խնդիրներ՝ կոոպերատիվի տերերը սկսել էին հայտնի անձանցից տոկոսով գումարներ վերցնել՝ գրավադնելով բնակիչների բնակարանները: Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, որը ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ:

Բնակիչները 5 տարի է՝ չեն կարողանում հետ ստանալ իրենց բնակարանները, որոնք, ինչպես նրանք են ասում, չարչարանքով, դժվար վաստակած գումարներով էին գնել:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930