Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի բնակչի վիրավորանքի եւ զրպարտության մասին պահանջները մերժվեցին երկրորդ անգամ

Սեպտեմբեր 17,2015 14:00
femida

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ թողեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մայիսի 27-ի վճիռը:
Այդ վճռի դեմ բողոք էր բերել Արմեն Ալիխանյանը: Նրա բողոքի համաձայն, անցյալ տարվա հուլիսի 17-ին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ընթացքում հեռուստատեսությամբ հրապարակվել է մինչեւ այդ օրը նախկին կնոջ քրոջ՝ Ա.Ա.-ի եւ հաղորդաշարը վարողի միջեւ կայացած հեռախոսային խոսակցությունը: Ա.Ա. -ն տարաբնույթ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հայցվոր Արմեն Ալիխանյանի հասցեին:

Դատարանի հետազոտված ապացույցների համաձայն, քենին՝ Ա. Ա.-ն, հեռախոսազանգով հայտարարել է այն մասին, որ Արմեն Ալիխանյանը եւ նրա ընկերը` Ս. Ս.-ն, «տանը զբաղվելով հարբեցողությամբ, այդ գործի մեջ են ներգրավել նաեւ հայցվորի անչափահաս դստերը` Ժ. Ա.-ին, ստիպելով օգտագործել ալկոհոլ եւ մերկ պարել»: Բացի այդ, Ա. Ա.-ն նաեւ հրապարակայնորեն հայտարարել էր, որ «Ա. Ալիխանյանն անբարոյական քայլեր է ձեռնարկել իր իսկ սեփական դստեր հանդեպ եւ տարածելով այլասերվածություն, ստիպել նրան օգտագործել ալկոհոլ»:

Վերաքննիչ դատարանը նշված արտահայտությունները վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համատեքստում, միեւնույն ժամանակ վերլուծելով այդ դրույթների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, հանգել էր այն եզրակացության, որ պատասխանող Ա.Ա.-ն հեռախոսով հայտնելով վերը նշված արտահայտությունները. «անձամբ չի հետապնդել պատասխանողի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակ, այսինքն՝ դիտավորություն չի ունեցել նսեմացնելու կամ նվաստացնելու պատասխանողին իր արտահայտություններով»:
Ավելին, պատասխանող Ա. Ա.-ի կողմից հեռախոսով հնչեցված արտահայտությունները «հրապարակային բնույթ չեն կրել», քանզի այդ արտահայտությունները հնչեցվել են հաղորդաշարի վարողի եւ պատասխանող Ա.-ի միջեւ նախօրոք` մինչեւ հաղորդման օրը հեռախոսային խոսակցության ժամանակ:

Ըստ դատարանի գնահատականների, հայցվորի կողմից որեւէ ապացույց չի ներկայացվել, որ պատասխանողը նախօրոք տեղյակ է եղել վերոգրյալ հեռախոսային խոսակցությունը հեռուստատեսությամբ հրապարակելու վերաբերյալ:

Հայցվոր Արմեն Ալիխանյանը դատարանին հայտնել է, որ պատասխանող Ա. Ա.-ն իր կնոջ քույրն է: Իրենց հարաբերությունները սրվել են հայցվորի կնոջ մահից հետո, երբ հաղորդաշարի ընթացքում Ա. Ա.-ն հրապարակայնորեն իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ է արել:

Հայցվորի տեղեկացմամբ, քենին հայտարարել էր, թե նա հանդիպել է Արմեն Ալիխանյանի նախկին կնոջը, ում հետ նախկին ամուսնությունից ունեն անչափահաս դուստր: Նախկին կնոջ եւ Ա. Ալիխանյանի ամուսնալուծության պատճառն ընտանեկան անհամատեղելիությունն է եղել, մինչդեռ, քենին ակնարկել է անչափահաս դստեր նկատմամբ ինտիմ փորձը:

Հայցվորի կարծիքով, քենին պարսավելով իրեն՝ «ոչ միայն հրապարակայնորեն նսեմացրել է իր անձը, այլեւ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ արել նրա եւ դստեր հասցեին` բոլոր ազգական-մերձավորների մոտ, այդ թվում՝ աշխատանքի վայրում, ընկերների շրջապատում»:

Նշենք, որ հայցվորի տասնամյա դուստրն ունի հոգեբանական խնդիրներ, ինչի պատճառով էլ երեխան հաճախում է հատուկ դպրոց: Արմեն Ալիխանյանը պահանջել էր, որպեսզի դատարանում ապացուցվեն հրապարակայնորեն արված արտահայտությունները, քենին հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ տա փոխհատուցում` հասցված հոգեբանական եւ բարոյական վնասի համար: Հայցվորը խնդրել է պարտադրել Ա.Ա.-ին՝ ապացուցելու Արմեն Ալիխանյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտանքները, եթե ոչ, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու սահմանված նվազագույն աշխատավարձի 3.000-ապատկի չափով:
Առաջին եւ երկրորդ ատյանի դատարանների գնահատմամբ, հետեւությունը մեկն է՝ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական ), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվն ու արժանապատվությունը:

Պատասխանողը դատարան չէր ներկայացել, չնայած պատշաճ ծանուցմանը:
Դատարանն արձանագրել էր, որ` «արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը»: Ընդսմին, այդ արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտությանը՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին, ըստ վերաքննիչ դատարանի հղումի՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ. «անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական, եւ՝ անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային»:
Մինչդեռ, գործի քննությամբ չհիմնավորվեց այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից հայցվորի հասցեին հնչեցված արտահայտությունները կատարվել են հրապարակայնորեն` անմիջապես պատասխանողի կողմից:

Դատարանն արձանագրեց. «Պատասխանողի կողմից հայցվոր Ալիխանյանի հասցեին արված եւ հեռուստաեթերով հրապարակված արտահայտությունները հրապարակվել են հաղորդաշարի միջոցով եւ ոչ թե պատասխանողի կողմից»:

Հետեւաբար, առարկայազուրկ է դառնում վիրավորանքի եւ զրպարտության համար հիմք հանդիսացող չափանիշներին անդրադառնալը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդ.-ի 3-րդ կետի` «Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Դատարանը համադրելով գործի փաստական հանգամանքները եւ իրավական հիմքերը, լսելով հայցվորի բացատրությունը, վերլուծելով ապացույցները՝ հանգել է այն հետեւության, որ վերոհիշյալ ապացույցներով հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930