Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոտրել ենք հայկական վատ կարծրատիպը»

Սեպտեմբեր 17,2015 13:30

Ռեժիսոր Հայկ Վարդանյանը՝ իր «Օֆելյա» ֆիլմի մասին

Ռեժիսոր Հայկ Վարդանյանը ֆիլմ է նկարել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ այն կոչվում է «Օֆելյա»: «Շատ երկար ենք մտածել վերնագրի մասին, բազում տարբերակներ ենք քննարկել, բայց վերջապես եկել մի պարզ եւ հասարակ լուծման, այն պետք է լինի «Օֆելյա»: Դրանով ամեն ինչ ասված է: Հայաստանում անուններ կան, ինչպես, օրինակ, Ֆրունզը, որոնց մեջ ամեն ինչ ամփոփված է»,-նշեց ռեժիսորը: Նա պատմեց, որ միշտ իրենց ընտանիքում հնչել է հայկական ժողովրդական երգը, մասնավորապես՝ Օֆելյա Համբարձումյանի երգը ու ինքը միշտ ցանկություն է ունեցել իր յուրատեսակ խոնարհումը բերել երգչուհու մեծությանը:

Օֆելյա Համբարձումյանի հետ ծանոթացել է ֆիլմի պրոդյուսեր Գագիկ Սուրենյանի միջոցով: Ասում է՝ նրա հետ միասին ուսումնասիրել են Օֆելյա Համբարձումյանի մասին եղած բազմատեսակ նյութեր, ու համոզվել, որ երգչուհու մասին ամբողջական ֆիլմ գոյություն չունի. «Դրանք հիմնականում սովետական շրջանի համերգ-հաղորդումներն են, որտեղ ինչ-որ մեկը խոսել է, ապա երգ է հնչել: Մտածեցինք, որ վերջապես կարելի է հայկական վատ կարծրատիպը կոտրել, երբ մարդուն մեծարում են նրա չլինելուց հետո… Իսկական լեգենդներին, ինչպիսին է Օֆելյա Համբարձումյանը, պետք է կենդանության օրոք գնահատել:

Մյուս կողմից էլ, Օֆելյա Կարպովնան այնպիսի սեր եւ ջերմություն է ստացել իր արվեստի սիրահարներից, որ մեր ֆիլմը շատ փոքր կաթիլ է՝ նրան մեծարելու առումով»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ սկզբում երգչուհին մերժել է նկարահանվել ու նրան երկար են համոզել. «Երբ Գագիկն ինձ ծանոթացրեց Օֆելյա Համբարձումյանի հետ, սկսեցինք, այսպես կոչված, համոզման աշխատանքները… Նա չէր ուզում, ասում էր՝ եթե տասը-քսան տարի առաջ լիներ, ամեն ինչ այլ կլիներ: Հասկանում էինք՝ ինչն է պատճառը, ախր ինքը բեմի մարդ է, արվեստագետ, բացի այդ, ամեն կին կուզենա միշտ գեղեցիկ լինել: Շփվեցի, մտերմացա Օֆելյա Կարպովնայի հետ, եւ նա տվեց իր համաձայնությունը: Ասաց՝ ես տեսնում եմ քո սերը եւ նվիրվածությունը իմ արվեստի ու իմ անձի նկատմամբ, եթե կա սեր, չի կարող լինել վատ բան, հետեւաբար տալիս եմ իմ համաձայնությունը: Մի խոսքով, ամեն ինչ սկսվեց սիրով ու սիրով էլ շարունակվեց ֆիլմի ստեղծումը: 2013թ.-ից սկսած՝ նկարում ենք, երեք տարի են տեւել նկարահանման աշխատանքները, որովհետեւ չունենալով հովանավորներ, ամբողջը արել ենք մեր ուժերով, ֆիլմի օպերատորը Տարոն Ներսիսյանն է, սցենարի հեղինակը՝ Մայա Ավագյանը: Շատ մեծ լարումով ենք աշխատել, քանի որ սա իմ դեբյուտային ֆիլմն է, որ անում եմ նման մասշտաբով, մեծ պատասխանատվություն էի զգում, որովհետեւ խոսքը վերաբերում էր Օֆելյա Համբարձումյանին: Վախ ու սրտի թրթիռ ունեի, որովհետեւ ֆիլմը պետք է կա՛մ լավը լիներ, կա՛մ չլիներ: Նկարահանումները, ի թիվս այլ վայրերի, տեղի ունեցան իր ամառանոցում, երեւանյան բնակարանում, Ուշիում, Գեղարդի վանքում, Աշտարակի ձորում, Ծիրանիների այգում: Իբրեւ հիմք՝ օգտվել ենք Սերգեյ Առաքելյանի հեղինակած գրքից, բայց այնպես չի, որ copy-past ենք արել, մեր սցենարիստը բավականին աշխատել է»:

Հայկ Վարդանյանը հայտնեց, որ հեռուստատեսային ֆիլմի ձեւաչափով չէ, այն վավերագրական ֆիլմ է՝ 55 րոպե տեւողությամբ: «Օֆելյայում» խոսում է երգչուհին, իր դուստրը՝ հայկական ջազի լեդի Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ ֆիլմի խոսնակը: «Օֆելյայի» պրեմիերան կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, հրավիրվածները հիմնականում երգչուհու արվեստի երկրպագուներն են, նպատակը մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ապահովելն է:

Ֆիլմի հեղինակները ցանկություն ունեն այն ցուցադրել սփյուռքյան հայաշատ գաղթօջախներում, քանի որ Օֆելյա Համբարձումյանը միշտ հյուրախաղերի է մեկնել հայաշատ վայրեր: «Դա կլինի Օֆելյա Համբարձումյանի հյուրախաղերի յուրատեսակ շարունակությունը՝ արդեն ֆիլմի տեսքով, ավելի կոնկրետ են ԱՄՆ եւ Իրան տանելու պայմանավորվածությունները: Իմիջիայլոց, այս ֆիլմում կտեսնենք լրիվ այլ Օֆելյա Համբարձումյան»,- որոշ «փակագծեր» բացեց Հայկ Վարդանյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Օֆելյա Համբարձումյանը՝ Հովհաննես Չեքիջյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930