Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկալի է, որ նկարիչը նաեւ զգեստների հեղինակ լինի»

Սեպտեմբեր 17,2015 13:00

Ազգային օպերային թատրոնի գլխավոր նկարիչ
Ավետիս Բարսեղյանը՝ բեմի «նրբերանգների» մասին

Ժամանակին թատերարվեստում զգեստների դիզայներ առանձին հասկացություն, որպես այդպիսին, չի եղել: Բեմի եւ զգեստների ձեւավորումը իրականացրել է բեմանկարիչը, օրինակ՝ մեր թատրոններում, այս դեպքում՝ Ազգային օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանը որպես բեմի եւ զգեստների նկարիչ հանդես է եկել Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ», Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների բեմադրություններում եւ այլն, նույնիսկ Մոսկվայի Մեծ թատրոնում Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» բեմադրվել է սարյանական աշխատանքներով: Միայն Մարտիրոս Սարյանը չէ, հայ բեմանկարչական արվեստը փայլուն դպրոց է ունեցել. Միքայել եւ Սերգեյ Արուտչյաններ, Ալեքսանդր Շաքարյան, Կարո Մինասյան, Սեմյոն Ալաջալյան, Աշոտ Միրզոյան, Վասիլի Վարդանյան, Արմեն Չիլինգարյան, Գրիշա Սահակյան, Մինաս: Ռուսաստանում են ստեղծագործել հայազգի անվանի բեմանկարիչներ Գեորգի Յակուլովը, Վյաչեսլավ Իվանովը, Ալեքսեյ Դանդուրյանը եւ այլք: Արվեստագետներն ու հանդիսատեսը առիթի դեպքում մտաբերում են Մինասի աշխատանքը Խաչատրյանի «Գայանե», Էդ. Հովհաննիսյանի «Անտունի», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» կամ Ալեքսանդր Շաքարյանի բեմի ձեւավորումն ու զգեստները՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումներում, Ռոբերտ Էլիբեկյանին էլ՝ Գրիգոր Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամում» եւ այլն:
Այսօր էլ ունենք 1-2 բեմանկարիչներ, որոնք նաեւ բեմադրությունների զգեստների հեղինակներ են:

9703

Տեսարան «Աիդա» օպերայից:

«Առավոտը» հանդիպեց ՀՀ վաստակավոր նկարիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի հետ: Ի դեպ, սեպտեմբերի 18-ին «Ժիզել» բալետային ներկայացման պրեմիերան է, որտեղ նկարչին են պատկանում եւ բեմի ձեւավորումը, եւ զգեստների դիզայնը: «Օպերային թատրոնում հեղինակն եմ Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» եւ այլ ներկայացումների նկարչական ու հագուստի ձեւավորման»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը՝ ո՞րն է ճիշտ կամ արդյունավետ՝ նկարչական ձեւավորմամբ զբաղվի նկարիչը, հագուստով՝ վերջինիս դիզայները, արվեստագետը պատասխանեց. «Կան նկարիչներ, որոնք իրենց զգեստների դիզայնի ոլորտում չեն տեսնում: Իհարկե, լավ է, որ թատրոնների նկարիչները տիրապետեն նաեւ զգեստի դիզայնին: Երբ մեկ մարդ է աշխատում այդ երկու ոլորտներում, նրա պատկերացումները, գունային լուծումները եւ այլն, իսկապես լավ արդյունք է ունենում»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկությամբ այս պահին սկսել է միանգամից երկու օպերաների՝ Բելինիի «Նորմա» եւ Պուչինիի «Տոսկա» բեմանկարչական (նաեւ հագուստի) աշխատանքները: Գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն էլ, որը նախաձեռնել է Խաչատրյանի «Դիմակահանդեսը», դարձյալ իրեն է ընդգրկել բեմանկարչական աշխատանքներում:
Մեր զրուցակցին հիշեցնելով, թե իր համար ընթացիկ տարին հոբելյանական է, լրանում է աշխատանքային գործունեության 35 տարին, Ավետիս Բարսեղյանը նախ նշեց, որ թատրոնում 35 տարի առաջ հանդիսացել է նկարչական արտադրամասի վարիչը, ապա 2 տարի անց՝ 1957-ից՝ թատրոնի գլխավոր նկարիչը, հետո էլ փոքր ճշգրտում արեց. «Ընդամենը 2 տարի եմ բացակայել օպերային թատրոնից: Հրավիրված էի Կրասնոդար, որտեղ տարբեր ռեժիսորների հետ պատրաստել ենք ու բեմ բարձրացրել մի քանի դրամատիկ ներկայացումներ, իսկ աշխարհահռչակ Յուրի Գրիգարովիչի խորեոգրաֆիայով էլ՝ «Ոսկե դարը»:

Հետաքրքրվեցինք՝ աշխատանքից դուրս ով ում քննադատն է՝ կինը՝ բալետի պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը ի՞ր, թե՞ հակառակը: Ավետիս Բարսեղյանը, առանց մանրամասնելու, ժպտալով պատասխանեց. «Եթե անկեղծ՝ ես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Ցավում եմ, որ Ավետիս Բերբերյանը տեղեկություն չունի զգեստների ձևավորման՝ մեզանում ձևավորված ավանդույթների մասին: Բեմազգեստների ձևավորմամբ զբաղվել է անվանի նկարիչ Սերինե Բեժանյանը, ապա՝ Եվգենիա Դոնցովան, իսկ վերջին տարիներին՝ Մերի Սարգսյանը: Չիմացածի մասին պետք չէ խոսել…

  2. Լևոն Իվանյան says:

    Հաճելի է, որ վերջապես անդրադարձ եղավ զուսպ, համեստ, բարձր պրոֆեսինալ և իրապես մեր ամենավաստակաշատ արվեստագետներից մեկի՝ Ավետիս Բարսեղյանի (Վիտյայի) գործունեությանը: Այսօր, մեզանում, Ավետիս Բարսեղյանը, թերևս ամենափորձառու, ամենից շատ արվեստագետ տեսած և նրանց հետ աշխատած բեմանկարիչն է:

    Հաճելի չէ, երբ թատերագետ Լևոն Մութաֆյանը հոդվածի առիթով բեմարվեստի Վարպետին շնորհավորելու փոխարեն անհարկի «շատիմացություն է» ցուցադրում, նախ չտարբերելով հոդվածի հեղինակի խոսքը նկարչի խոսքից և չտարբերելով նաև Բարսեղյան ազգանունը Բերբերյանից: Արժե, որ Մութաֆյանը շնորհավորի, որ 35 տարվա ընթացքում վերջապես գրվեց Բարսեղյանի մասին, որն ի դեպ որպես թատերագետ վաղուց պարտավոր էր, որ ինքն արած լիներ: Գրելուց առաջ ավելի ուշադիր կարդա, թե ով է ինչ ասում և ձվի մեջ մազ մի փնտրիր: Շնորհավորիր և առաջ գնա:
    Ես, ի սրտե շնորհավորում եմ իմ շատ հարգելի Վիտյային:
    Եվ շնորհակալություն «Առավոտին» հոդվածի համար:

    Մութաֆյան… գեղեցիկ չի… ավելի լավ կիներ ոչինչ չգրեիր….
    Միթե քեզ համար այդքան դժվար է որևէ լավ բան ասելը…
    Միայն շնորհավորանք և ուրիշ ոչինչ…

    Շատ ուրախ եմ, Վիտյա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930