ՀՇՖ փոխնախագահ, Միջազգային կարգի մրցավար, Շախմատի եվրոպական միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում խոսեց «Միկա» շախմատային ակումբի գործունեության դադարեցման մասին:
«Ես ցավով ստիպված եմ հաստատել մի փաստ, որ այն բանից հետո, երբ Երեւանի «Միկան» դուրս եկավ շախմատային ասպարեզից, ակումբային ոչ մի թիմ հանձն չի վերցնում կազմելու այնպիսի թիմ, որը Հայաստանը կներկայացնի Եվրոպայի ակումբային առաջնություններում: Այս տարի այն անցկացվելու է հոկտեմբերի կեսերին: Որպես Եվրոպայի այս տարվա առաջնության գլխավոր մրցավար, ես արդեն ստացել եմ հայտերը եւ բացառությամբ աշխարհի ուժեղագույն հատուկենտ շախմատիստների, շախմատային աշխարհի ամբողջ ուժեղագույն կազմը մասնակցում է այդ առաջնությանը, բացի Հայաստանի ներկայացուցիչներից:
Օրինակ, Լեւոն Արոնյանը պաշտպանելու է Ռուսաստանի «Սիբիր» թիմի դրոշի պատիվը: Եվ դա այն դեպքում, երբ Լեւոնը մի քանի տարի առաջ մի քանի հայ ուժեղագույն շախմատիստների հետ միասին ներկայացնում էր «Միկան», որը մի քանի տարի առաջ Եվրոգավաթում գրավեց երկրորդ տեղը: Ես այս մասին մեծ դժգոհությամբ եմ խոսում, քանի որ ակումբային առաջնությունը ազգային ֆեդերացիայի բուն աշխատանքի հետ չի առնչվում: Ակումբը կարող է հրավիրել ցանկացած երկրի ցանկացած շախմատիստի, ինչպես «Միկա» կանանց թիմում ժամանակին Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի եւ մյուսների հետ տարիներ շարունակ հանդես էին գալիս Վրաստանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչներ, աշխարհի նախկին չեմպիոն Մայա Չիբուրդանիձեն, Հարիկա Դրոնավալին եւ այլոք, որոնց հետ միասին դարձել ենք Եվրոպայի չեմպիոն: Մեր կանանց թիմը մեկ անգամ եղել է արծաթե, եւ երեք անգամ էլ՝ բրոնզե մադալակիր:
Իսկ այսօր ստացվել է այնպես, որ տարբեր պատճառներով «Միկա» կանանց եւ տղամարդկանց թիմերն ասպարեզից դուրս մնալուց հետո, ոչ ոք մոտ չի գալիս: Մանավանդ, որ մենք ունենք գերհզոր ընկերություններ եւ անհատներ, որոնք կարող են համապատասխան գումարները շատ հանգիստ ապահովել:
Անցած տարի Հովիկ Խալիկյանի ջանքերով վերականգնվեց Հայաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցեց 17 թիմ: Բայց չեմպիոն ու մրցանակակիր դարձած ակումբների համար Եվրոպայի առաջնություն մեկնելու համար հովանավորներ չգտնվեցին ու այդ նախաձեռնությունն էլ կիսատ մնաց», – ասաց պարոն Վարդապետյանը:
Հարցին, եթե հիմա հանկարծ հրաշքով մի թիմ ստեղծվի, կկարողանա՞ մասնակցել Եվրոպայի ակումբային առաջնությանը, Աշոտ Վարդապետյանը պատասխանեց. «Հիմա բոլոր ժամանակներն անցել են: Բայց եթե նման բան լինի, կարծում եմ, մենք այնքան հեղինակություն ունենք, որ հնարավոր է բացառություն անել: Բայց թիմ կազմելն այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ բոլոր շախմատիստներն ունեն նախապես կազմած իրենց ծրագրերը: Ցավալի է, որ շուրջ ինը տարի Եվրագավաթում ունենալով տղամարդկանց եւ կանանց գերհզոր թիմեր, այսօր ընդհանրապես ոչինչ չունենք: Մեկ ուրիշ բան ասեմ. գերհզոր թիմ կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված, մանավանդ, եթե դրսից հրավիրում ես ուժեղագույն գրոսմայստերների: Բայց ես մեկ այլ հնարավորություն եմ տեսնում: Մենք այսօր ունենք մի շարք շատ ուժեղ երիտասարդ շախմատիստներ, որոնք կոնկրետ հաջողությունների հասնելու ամբիցիաներ ունեն: Պարտադիր չէ, որ դրսից հրավիրված շախմատիստներով շատ թանկ արժեցող թիմեր ունենանք: Կարող ենք անհամեմատ քիչ ծախսերով այդ երիտասարդներից կազմված թիմեր ստեղծել, որոնք աշխարհի ուժեղագույն շախմատիստներով համալրված ակումբների հետ կպայքարեն, օրինակ, տասնյակ մտնելու համար: Եվ պատկերացրեք, որ մենք ունենք այդպիսի պատանիներ ու երիտասարդներ, առավել եւս, որ «Միկան» այդպիսի փորձ հաջողությամբ արել է դեռ մի քանի տարի առաջ»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.09..2015