Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված դրույթների կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության կարևորագույն գրավականներից մեկն է»

Սեպտեմբեր 16,2015 22:30

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը

Հարգելի դեսպան Սորոկին,

Հարգելի դեսպան Պեշկո,

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի նշվում են կարևոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման և կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Դրանք չեն վերաբերում զուտ մեր անցյալին և պատմությանը, այլև ուղղորդում են մեր ապագա քայլերը` ԵԱՀԿ ընդհանուր տարածքում համապարփակ, ընդգրկուն և անխախտ անվտանգության համայնքի ձևավորման ուղղությամբ, որը զերծ կլինի ցեղասպանություններից, պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից:

Այս նպատակների իրագործման առանցքում անհնար է թերագնահատել Հելսինկիի եզրափակիչ ակտի կարևորությունը: Դրա ստորագրությունը հետպատերազմյան Եվրոպայի այն կարևորագույն իրադարձություններից է, որը մեծապես պայմանավորել է ինչպես տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններն ու համագործակցության ուղղությունները, այնպես էլ էական ազդեցություն է ունեցել, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների հետագա զարգացման վրա:

1975թ.-ին Հելսինկիում հրավիրված խորհրդաժողովի յուրահատկությունը, 20-րդ դարի Եվրոպայի պատմության այլ խոշոր միջազգային համաժողովների համեմատությամբ, կայանում է նրանում, որ այն ընդհանուր սեղանի շուրջ էր հավաքել ոչ թե հաղթողներին ու պարտվածներին` սահմանելու հետպատերազմյան նոր աշխարհակարգը, այլ՝ այն երկրների ու ժողովուրդների ղեկավարներին, որոնց նպատակն էր, ինչպես նշված է Եզրափակիչ ակտի նախաբանում` նպաստել Եվրոպայում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու համագործակցությանը:

Չնայած Հելսինկիի խորհրդաժողովը վերջ չդրեց պատերազմներին, բայց կարևոր է, որ այն առաջարկեց համաեվրոպական խաղաղության մի նոր մոդել, որը խարսխված է մի կողմից մասնակից երկրների համագործակցության և անվտանգության, մյուս կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հայաստանը, իրականացնելով ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած իր հանձնառությունները, հանդիսանում է Կազմակերպության ակտիվ անդամներից մեկը: Սերտ համագործակցություն է ձևավորվել ԵԱՀԿ կառույցների, նաև Երևանյան գրասենյակի հետ, որն այսօր Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունն է, ինչն ինքնին խոսուն կերպով ցուցադրում է միջազգային համագործակցության հանդեպ Հայաստանի վերաբերմունքը և տարածաշրջանային առկա իրողությունները:

1975թ. Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրեցին 35 երկրներ: Այժմ, ԵԱՀԿ-ն 57 մասնակից երկրների կազմակերպություն է: ԵԱՀԿ ընտանիքի այս էական աճը պայմանավորված է Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ:

Հելսինկիի եզրափակիչ ակտով դեռ 40 տարի առաջ սահմանված և մեզ ժառանգված դրույթների անշեղ կիրառումը Եվրոպայում խաղաղության, անվտանգության և համակեցության կարևորագույն գրավականներից մեկն է հանդիսանում, հետևաբար դրա նկատմամբ մշտական հոգածությունն ու ուշադրությունը առանցքային տեղ պետք է զբաղեցնի արդի միջազգային հարաբերություններում:

Շնորհակալություն

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930