Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ամենաշուտն էր ժամանել
Սեպտեմբերի 16-ին Կառավարության ընդունելությունների տանը կայացավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հիմնարար փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարություն եւ ընդունելություն, որը ներառում էր 2012թ. ԵԱՀԿ նամականիշով «հատուկ ծրարի» մարում՝ փոստային դրոշմակով՝ կազմակերպված «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ընդունել էր բոլոր հրավիրյալներին, մնացել էր միայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ժամանեց երեսուն րոպե ուշացումով: Միջոցառմանը ի թիվս այլ նախարարների, քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների եւ գերատեսչությունների ղեկավարների, ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Ճիշտ ժամանակին եկել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հերթով ողջագուրվում էր ուժային կառույցների ներկայացուցիչների ու ազդեցիկ պաշտոնյաների հետ:
Կարդացեք նաև
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեսկոն և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ-ում առկա համագործակցությունն անվտանգության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ամրապնդման գործում:
Դեսպան Սորոկինը իր ելույթում նշեց, որ Հայաստանը բարձր հեղինակություն ունի ԵԱՀԿ պետությունների թվում եւ սերտորեն ներգրավված է կազմակերպության բոլոր միջոցառումներում: Նրա խոսքով, 15 տարի առաջ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրումը նոր խթան է հանդիսացել ԵԱՀԿ շրջանակում Հայաստանի համագործակցության համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ