Լրահոս
Օրվա լրահոսը

«Չթողնե՛ք մեզ մորթեն, ըմբոստացե՛ք». գեներալ մարզպետը՝ Գյումրու թատրոնի դերասաններին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2015 21:45

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմին՝ քննարկելով թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը մանրամասն ներկայացրեցին, թե ինչպես են նշելու թատրոնի տոնը:

Շիրակը մարզպետը իր հերթին ընդգծեց, որ պատրաստ է ամեն ինչով օժանդակել թատրոնին՝ միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար, քանի որ, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու թատրոնը նշանավոր է թե՛ մեծերի առումով, թե՛ այս պահին գործունեություն ծավալած մարդկանց:

Թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանը նշեց, որ 150-ամյակի կարեւոր իրադարձություններից մեկը Մհեր Մկրտչյանի փոքր թատրոնի բացումն է, որտեղ խաղալու են երեք ներկայացումներ: Նա ասաց, որ լուսանկարների արխիվային մեծ ցուցահանդես է բացվելու, մակետների ցուցադրություն, յուրատեսակ հրավիրատոմսեր ու բուկլետներ են տպելու, քանի որ թատրոնը ամեն տարի 150 տարեկան չի դառնում: «Մեծ բեմ է լինելու, դրսից ենք բերելու, հավաքելու, բեմում լինելու են մեր ժողգործիքների պետական նվագախումբը, «Բամբիռ»-ը եւ Վանաձորի «Հորովել» անսամբլը»- ասաց տնօրենը:

IMG_0231

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ նշեց, որ փորձել են թատրոնի 150-ամյակը դարձնել իրադարձություն ոչ միայն Գյումրիի, այլ ամբողջ Հայաստանի համար: «150-ամյակը կսկսենք թատերաշրջանի բացումից, կլինի կոմերցիոն ներկայացումից՝ «Գամառջոբա մամայից»:Այսօրվանից սկսած մենք սկսում ենք նշել մեր 150-ամյակը մինչեւ այն օրը, երբ կլինի մեր համերգային երեկոն, այս երկու-երեք ամիսների ընթացքում:

Այնպես ենք անելու, որ այդ ամիսների ընթացքում քաղաքում լինի թատերական մթնոլորտ: Մենք ունենք նաեւ հոբելյանական երեկոներ, թատրոնում ունենք արտիստներ Ռազմիկ Բադալյան, Անահիտ Քոչարյան, Սուսաննա Բաղդասարյան, պատրաստվում ենք երեք հոբելյանական երեկոն մեկ օրում նշել», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք կխոսեն բոլոր այն մարդկանց մասին, որոնք աշխատել են թատրոնում, կներկայացնեն, թե ինչ է արել թատրոնը 150 տարիների ընթացքում: Նկարահանվելու է թատրոնի մասին պատմող ֆիլմ: Ռեժիսորը շեշտեց, որ հոբելյանական երեկոյին առանձնահատուկ շնորհավորանքներ ու համարներ չեն լինելու:

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, հագուստների ցուցահանդես է լինելու. մեծ դերասանների հագուստները ցուցադրելու են թանգարանում: Թատրոնի տնօրենն ու ռեժիսորը շեշտեցին նաեւ, որ թատրոնի 150-ամյակը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է, նախարարը մի քանի անգամ հանդիպել է այս երկուսի հետ ու ստեղծագործական քննարկումներ անցկացրել:

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ հոկտեմբերի 11-ին ցուցադրելու են Եղեռնի 100-ամյակին նվիրված «Արշիլ Գորկի»-ի ներկայացումը, որի ռեժիսորը Հովհաննես Հովհաննիսյանն է: Վերջինիս ասածին Շիրակի մարզպետը արձագանքեց հետաքրքիր դիտարկումներով: «Եղեռնի հետ կապված ես մի քիչ վերապահումներով եմ մոտենում, ես իմ անձնական կարծիքն եմ ասում՝ մեր ժողովուրդը շատ է ողբի վրա ուշադրություն դարձնում, միշտ ասում եմ զգույշ եղեք, ավելի ուշադրություն դարձրեք ըմբոստությանը, ոչ թե ողբին, ողբը ոչ մեկին օգուտ չի տալիս»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Մարզպետը պատմեց, որ մի անգամ մասնակցել է դպրոցներում մեկում բեմադրված թատերական ներկայացման ու իրեն ապշեցրել է երեխաներից մեկի խաղը, որը դաժանի տեսարանի գլխավոր դերակատարուհին էր: Վերջինս այնպես է ողբացել, այնպես մտել իրենից պահանջվող կերպարի մեջ, որ մարզպետը երկար ժամանակ մտածմունքների մեջ է ընկել: Աղջիկը զոհված ազատամարտիկի մոր դեր է տարել, ըստ մարզպետի, փայլուն է խաղացել, բայց դաժան տեսարան է եղել, ոչ տեղին:

«100-ժամյակի հետ կապված մեկ-մեկ ցույց են տալիս մորթեցին, էս արեցին, էն արեցին, ասում եմ՝ հերիք է մորթեն, կանգնեք մի քիչ, մեկին մորթեցին, երկրորդին չկարողացան ձեռք տալ…», ասաց մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930