«Ես չեմ հանգստանա, մինչեւ ինձ չգնդակահարեք»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 16-ին քննվում էր Վարդգես Գասպարիի գործը:
Դատարանի հայտարարած ընդմիջումից հետո Վարդգես Գասպարին շարունակեց իր հայտարարությունը: Նա ասաց, որ դատարանը պաշտպանում է ոստիկանության շահերը, եւ դա ըստ նրա բնական է, քանի որ ոստիկան Սոնա Մելիքյանն իր հերթին ջանք չի խնայում պաշտպանել դատավորներին: Նա նշեց նաեւ, որ չի հիշում մի դեպք, երբ դատավորները քրեական հեղինակությունների նկատմամբ սանկցիա կիրառեն. «Որովհետեւ նրանք՝ քրեական հեղինակությունները՝ ի տարբերություն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, չափազանց խիստ կվերաբերվեն Ձեր նկատմամբ, Ձեր ընտանիքների նկատմամբ»:
Նելլի Բաղդասարյանը կրկին խնդրեց անդրադառնալ նախագահող դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությանը:
Կարդացեք նաև
«Փաստն այն է, որ դուք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ համարձակվում եք, այսպես ասած, ձեզ հաճո որոշումներ կայացնել …»,- դատավորը կրկին նրան ընդհատեց՝ պատճառաբանելով, որ, ըստ էության, միջնորդության մասին չի խոսում:
«Դուք կարող եք ինձ անընդհատ ընդհատել, որպեսզի ես իմ դիրքորոշումը չհայտնեմ, կարող եք, միեւնույնն է, ես վճարում եմ Ձեր աշխատավարձը: Դրանից Դուք չեք տուժի, մեկ ա Ձեր աշխատավարձը ստանալու եք, այ ես եմ այստեղ տուժում, որովհետեւ վճարում եմ ե՛ւ Ձեր աշխատավարձը, ե՛ւ իմ աշխատաժամերն եմ հատկացնում դրա համար»,- հայտարարեց Գասպարին: Նելլի Բաղդասարյանը խնդրեց թույլ տալ դատարանին աշխատել:
«Կոնկրետ դեպք եմ Ձեզ հիշեցնում, որ «Հարսնաքարի» գործով դատավորի որոշում կարդալու ժամանակ 3 րոպե 54 վայրկյան տեւողությամբ ամբաստանյալները բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս: Եվ դուք այնքան եք վախվորած, որ միայն ծպտուն չեք հանում: Այնուհետեւ ոչ թե ամբաստանյալներին դուրս հրավիրեցիք, այլ խփեցին սեղանը շրջեցին, դուք վախվորված մի կողմ քաշվեցիք: Ես համարում եմ, որ դուք ընդամենը քրեական աշխարհի խամաճիկներն եք»,- ասաց Գասպարին:
Դատավորը եւս մեկ անգամ նրան հորդորեց ենթարկվել նախագահող դատավորի օրինական կարգադրություններին: Դատավորը եւ Գասպարին սկսեցին միաժամանակ խոսել:
«Դուք արդեն դա արել եք 2008 թվին, երբ որ ես ձերբակալված էի,դուք ձեր քրեական հանցագործների միջոցով ինձ ճնշումների էիք ենթարկում»,- հայտարարեց Գասպարին:
Նելլի Բաղդասրյանը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում, նա նաեւ զգուշացրեց, որ հաջորդ անգամ նման վարք դրսեւորելու դեպքում Գասպարին կհեռացվի նիստերի դահլիճից 3 ժամ ժամանակով:
«Ես չեմ հանգստանա, մինչեւ ինձ չգնդակահարեք: Այ դա կարող եք Դուք արձանագրել: Դուք գնդակահարել եք իմ հարազատներին, սրիկանե՛ր, սրիկանե՛ր»- բացականչեց Գասպարին:
Նելլի Բաղդասրյանը հայտարարեց, որ նման պայմաններում դատարանը չի կարող շարունակել նիստը եւ այդ հիմքով հետաձգեց այն:
Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարիին 2014թ. ապրիլի 7-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավականա մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարիա ինչ եք անում, թափթփուկներ,հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները`«Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ