Երեկվանից Հունգարիան փակել է Սերբիայի հետ սահմանը, որտեղից տարվա սկզբից 200 հազար փախստականներ են անցել: Հունգարիայում նաեւ սկսել է գործել օրենք, որով երեք տարվա ազատազրկում է սպասում սահմանն անօրինական անցնելու համար եւ Սերբիա եկած փախստականներին զրկում է ապաստան ստանալու հնարավորությունից: Այս տեղեկությունը հաղորդել է Segodnya.ua-ն:
Օրենքի ուժի մեջ մտնելու առաջին օրը իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք ամեն 35 մետրը մեկ տեղակայվել են սահմանին, թույլ չեն տվել երկիր մուտք գործել ավելի քան 9.000 փախստականների: Իսկ 9 սիրիացիները եւ 7 աֆղանները, որոնք փշալարը հրելով կարողացել են մտնել Հունգարիա, ամենայն հավանականությամբ, նոր օրենքով կպատժվեն:
Կարդացեք նաև
Նախօրեին ուշ գիշերով փակվել է գլխավոր ոչ պաշտոնական անցակետը, որով փախստականները մտնում էին Հունգարիա: Արդյունքում Սերբիայի կողմում կուտակվել է ավելի քան հազար մարդ: Նրանք սկզբում փորձել են անցք գտնել պատնեշում, սակայն հետո քնել են փողոցում: Կամավորները նրանց համար վրան եւ սնունդ են բերել:
Varlamov.ru-ն հաղորդել է, որ փախստականների, կամավորների եւ լրագրողների դեմ ջրցան մեքենա է կիրառվել, իսկ Հունգարիայի կողմից արցունքաբեր գազով ռուբեր են նետվել: Դաշտի վերեւում ուղղաթիռներ են սավառնել: Փախստականները հակառակ ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել, եւ անվադողեր են այրել: Մի շարք մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, տուժել են արցունքաբեր գազից:
Հաղորդվում է, որ մի պահ Հունգարիան բացել եւ փակել է սահմանը: Այնուհետեւ հայտարարվել է, որ սերբ-հունգարական սահմանը փակ կլինի նվազագույնը 30 օր: Սերբիան դժգոհություն է հայտնել հունգար ուժայինների կողմից փախստականների նկատմամբ կիրառված ուժի առնչությամբ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ