Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը ստո՞ւմ է՝ իրեն չեն ներգրավում «Ոչ-ի» ճակատում

Սեպտեմբեր 16,2015 20:10

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը վստահեցնում է՝ նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնած ուժերի ու նախաձեռնությունների առջեւ սահմանափակումներ դրված չեն եղել:

Հիշեցնենք, որ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը 1in.am-ի հետ զրույցում քննադատել է սեպտեմբերի 12-ին ձեւավորված «ՈՉ»-ի ճակատի մոտեցումները՝ պնդելով, թե ճակատում ուժերն ընդգրկվում են խտրական մոտեցումով: Գառնիկ Իսագուլյանը չի հերքել, որ իրեն «Ոչ»-ի ճակատ չեն ներգրավում Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունենալու համար:

Aravot.am-ը Արշակ Մուսախանյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Գառնիկ Իսագուլյանի՝ նախաձեռնությանը միանալու պատրաստակամությունը մերժել են:

«Եթե Գառնիկ Իսագուլյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին, նա կարող է հայտարարել, որ դեմ է, ի՞նչ խնդիր կա»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Մեր հարցին, իսկ «Ոչ»-ի ճակատում նրա ներգրավելու առումով խնդիր կա՞, մեր զրուցակիցը շարունակեց. «Ոչ-ի ճակատը դաշինք չէ, պարզապես միասնական հայտարարություն է եղել: Եթե Գառնիկ Իսագուլյանը  դեմ է, ինքը  հայտարարում է՝ դեմ է ու, ըստ էության, կարելի է ասել, որ նույն ճակատի մեջ է մտնում, ինչպես մյուս մասնակիցները, որոնք հայտարարել են: Այս պահին ՀԺԿ գրասենյակում միասին հայտարարել ենք, որ բոլորս ոչ ենք ասում սահմանադրական փոփոխություններին, հիմա Գառնիկ Իսագուլյանը թող հայտարարի, որ դեմ է»:

Անդրադառնալով Գառնիկ Իսագուլյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապերի համար իրեն չեն ներգրավում «Ոչ-ի» ճակատում՝ Արշակ Մուսախանյանը զարմացավ. «Ո՞վ է ասել, ես՝ որպես նախաձեռնող խմբի անդամ, տեղյակ չեմ եղել, որ Գառնիկ Իսագուլյանը մեզ դիմել է նման հարցով: Ո՞ւմ է դիմել, ո՞վ է նրան մերժել կամ նման բաներ ասել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերի համաժողովի ժամանակ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ ստորագրել են համատեղ հայտարարություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930