«Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ներկայացնելն ու հանրահչռակելը դարձել է Հայաստանի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այդ գործին է ծառայում նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 3-ին և կտևի մինչև դեկտեմբերի 5-ը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ՝ փառատոնն այս տարի կընդգրկի 19 համերգ՝ 10 սիմֆոնիկ (շաբաթ օրերին), 9 կամերային (չորեքշաբթի օրերին)։
«Հայաստանը չէր կարող չունենալ Արամ Խաչատրյանի անվան փառատոն. մենք աշխարհին ներկայանում ենք Խաչատրյանի անունով: Նա է մեզ թույլ տալիս միջազգային հարթակում լինել հավասար ուրիշների հետ»,- նշեց Ս. Սմբատյանը:
Կարդացեք նաև
Փառատոնի ընթացքում ունկնդրին կներկայացվեն ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլև հայ և արտասահմանյան այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին կմասնակցեն հայտնի երաժիշտներ, կներկայացվեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ, ինչպես նաև առաջին անգամ հանդիսատեսը կունկնդրի Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։
Փառատոնի համերգներին ելույթներ են ունենալու Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր ջութակահարուհի Իվա Միլետիչը, դաշնակահարներ Աննա Վինիցկայան, Վահագն Պապյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, ջութակահարներ Սուրեն Բագրատունին, Զոհրաբ Թադևոսյանը, Չադ Հուփեսը, Ալեքսանդր Սոումը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և այլք:
Ս. Սմբատյանն ասաց, որ իրենք ակնկալում են փառատոնի ընթացքում 16 հազար 500 հանդիսատես, նաև առցանց դիտումներ են ապահովելու: Իսկ 13-17 տարեկան պատանիների համար համերգների տոմսերը լինելու են անվճար:
Հավելենք, որ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ