Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարությունը միգուցե գտնվում է ինչ-որ ճնշումների տակ եւ ուզում է սնանկացնել Նաիրիտը»

Սեպտեմբեր 16,2015 17:56

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց «Նաիրիտի» ճակատագրով:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել էր ուսումնասիրություններ կատարել այդ հարցով եւ վերջին ուսումնասիրության համաձայն, գտել են, որ այսօրվա տեխնիկական վիճակով անարդյունավետ է շարունակել «Նաիրիտի» աշխատանքը: 350 մլն դոլարի ներդրում է պետք, որը կառավարչությունն այսօր չունի: Այսինքն, Համաշխարհային բանկը աննպատակահարմար է համարել վերագործարկումը:

Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց, որ եթե 2 ուսումնասիրություն է մինչ այդ կատարվել եւ վերագործարկումը նպատակահարմար է համարվել, ինչպե՞ս կարող է նոր ուսումնասիրությունը հերքի առաջին երկուսի արդյունքները:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ «Նաիրիտի» հարցով իրոք եղել է պատվեր ուսումնասիրություններ անցկացնել. «Մենք ունենք բոլոր 3 ուսումնասիրությունների պատասխանները: Վերջին ուսումնասիրությունների վերաբերյալ կար առաջարկություն, որ ԱԺ-ում լսումներ հրավիրվեն: Իրոք եղել է եզրակացություն, որ «Նաիրիտի» հետագա շահագործումը, կապված մի քանի հանգամանքների հետ, օրինակ, միջազգային շուկայում որոշակի փոփոխությունների հետ կապված, աննպատակահարմար է: Քննարկումները շարունակվում են եւ ՀՀ վարչապետի կողմից մի քանի անգամ ճշտվել է այդ հարցը: Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված, բայց ցավոք, վերջին 2 տարիներին որեւէ ներդրողի կողմից առաջարկություն չի եղել: Այսօր էլ չունենք կոնկրետ առաջարկություններ: Մի բան պետք է գիտակցել, որ վերագործարկման համար անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ՝ 200-300 մլն դոլարի»:

Լեւոն Զուրաբյանը հակադարձեց, որ առաջին երկու ուսումնասիրություններով՝ բավականին եկամտաբեր պիտի լիներ վերագործարկումը, շատ մեծ պաշարով հզոր վերագործարկում էին խոստանում: Դա չէր կարող բերել հակառակ եզրակացության. «Տպավորություն է ստեղծվում, որ հակառակ դրանց, կառավարությունը միգուցե շահագրգռված չի վերագործարկել, գտնվում է ինչ-որ ճնշումների տակ, կամ ուզում է սնանկացնի, հազար ու մի բան կարելի է հասկանալ: Թող կառավարությունը փաստերը բացի ու ցույց տա, որ բոլորի համար պարզ լինի, որ այստեղ չարամիտ խնդիր չկա»:

«Վերջին 2-3 տարիներին աշխարհում շատ բան է փոխվել կաուչուկի պահանջարկի հետ կապված, շուկայի առումով եւ տնտեսության առումով»,- պատասխանեց Զախարյանը:

Ըստ Զախարյանի, այն հայտարարությունը, որ «Նաիրիտը» հնարավոր է վերագործարկել ընդամենը 50-60 մլն դոլարով, անհիմն են. «50-60 մլն դոլարի ներդրումները չեն կարող ապահովել «Նաիրիտի» նույնիսկ 1-2 ամսվա շրջանառու միջոցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930