«Ամենակարեւոր իրադարձությունն այս տարվա՝ Դելֆիի գործով Եվրոպական դատարանի որոշումն է»,- սեպտեմբերի 16-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրավիրած կլոր սեղանի ընթացքում ասաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:
Կլոր սեղանի թեման էր «Վիրավորանքն ու զրպարտությունը ԶԼՄ-ների հրապարակումներում. Հայաստանյան դատական պրակտիկան եւ Եվրոպական դատարանի նախադեպերը»:
Նա նշեց, որ մինչեւ Դելֆիի գործը, Հայաստանում քննվել էր Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործը, որտեղ դատարանը լրագրողին ավելի մեծ պաշտպանություն է տվել, քան ՄԻԵԴ-ը Դելֆիի գործով՝ ասելով, թե բացարձակապես լրատվամիջոցը չպետք է պատասխանատվություն կրի այլոց մեկնաբանությունների համար, եթե անձը մինչեւ դատարան դիմելը իրեն չի ծանուցել. «Բայց ինչպես գիտեք, դա նախադեպ չդարձավ, առաջին ատյանի որոշում էր, դրանից հետո Դելֆիի գործով որոշում կայացվեց, որը մի փոքր այլ ճանապարհով գնաց՝ ասելով, որ ձեւականորեն սպասել ծանուցման ստանալուն՝ դա նշանակում է ֆորմալիզացնել իրավունքը, բա էլ ո՞ւր կորավ լրագրողական բարեխղճությունը կամ պատասխանատու լրագրությունը: Եթե լրագրողը գիտեր, որ իր կողմից վերահսկվող տարածքում, թեեւ իր հեղինակած խոսքը չէ, բայց կա ատելության խոսք, որը գրեթե ատելության շարժառիթով հանցագործություն է, ապա նա հենց այդ իմանալու պահից պատասխանատվություն է կրում՝ անկախ նրանից, թե ֆորմալ եղանակով որեւէ փաստաթուղթ ստացե՞լ է, թե՞ ոչ: Այսինքն՝ խոսքն ի վերջո բարեխիղճ լրագրողի մասին է»:
Արա Ղազարյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հաշվի առնելով՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ուղեցույց է ընդունել. «Սա ուղեցույցային նորմ է, սա օրենսդրական նորմ չէ, որը ձեզ կպարտավորեցնի: Սա լավ ինքնակարգավորման մշակույթ է, երբ որ առանց սպասելու մինչեւ օրենքը գործի անցնի, պետությունը գործի անցնի, լրատվամիջոցները որոշում են ինքնակարգավորվել: Այն, որ պետությունը գործի է անցնելու, ես վստահ եմ դրանում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Դելֆիի գործում կա այն միտքը, որ պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում ապահովելու կառուցակարգը: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում շատ հնարավոր է, որ «ֆեյքերի մասին» օրենքը վերադառնա՝ հղում կատարելով Դելֆիի գործի վրա. «Այնտեղ առաջարկվում էր մի բան, որը մեր օրենքով թույլ է կարգավորված, այն է արդյոք անձն իրավունք ունի՞ ոչ միայն գնալ դատարան եւ պահանջել, որ իրենից ներողություն խնդրեն կամ հերքում կամ փոխհատուցում վիրավորանքի, զրպարտության դիմաց, սրանք օրենքում գրված կան: Բայց արդյոք քաղաքացին իրավունք ունի՞ պահանջել նյութը ինտերնետից հանել, այ սա լրագրողական ազատության միջամտության արտակարգ եղանակ է, խոսքը կոնտենտը դուրս բերելու մասին է , միայն մեկնաբանությունը չէ: «Ֆեյքերի մասին» օրենքը մի ամբողջ համակարգ էր տրամադրում, որը քաղաքացուն իրավունք էր տալիս պահանջել 12 ժամում կամ 24 ժամում, բայց դրանից զատ մենք քաղօրենսգրքում ունենք երկու փոքրիկ դրույթ, որոնք ես անվանում եմ բլանկետային, որովհետեւ իրենք դրույթը տալիս են, բայց համակարգ չի տալիս»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ