Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նորանշանակ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հովվական անդրանիկ այցելությունը

Սեպտեմբեր 16,2015 16:16

2015 թվականի սեպտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ընկերակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի և Հովսեփ ուրարարակիր Չիրախովի, իր առաջին հովվական այցելությունն իրականացրեց Մառնեուլիի շրջանի հայկական համայնքներ:

Այցելությունը զուգադիմեց Վրաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկին և սկսվեց Շահումյան ավանի թիվ մեկ (տնօրեն Արտյուշ Ուրումյան) և Ախքյորփի գյուղի հանրային դպրոց (տնօրեն՝ Վիոլետա Սուքիասյան) այցելությամբ: Դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին բաշխելով իր օրհնությունն ու բարեմաղթանքները, հոգեշնորհ Հայր Սուրբը երկու դպրոցներում էլ աշակերտությանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և նվերը՝ Մանկական Աստվածաշունչ:

Հովվական այցի շրջանակներում հոգևոր հայրերը և Թբիլիսիից ժամանած հյուրերը աղոթք բարձրացրեցին Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Իսկ Ախքյորփի գյուղի հինավուրց մատուռումը, որը լեփ-լեցուն էր տեղացիներով, Տեր Խորեն վարդապետը մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը՝ Թբիլիսիից ժամանած երգչախմբի մասնակցությամբ: Հընթացս Սրբազան Պատարագի, Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչվերաց տոնի կապակցությամբ: Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ ննջեցյալների:

Հետաքրքիր անցավ գյուղի համայնքային սրահում հոգևոր հայրերի հանդիպումը տեղի բնակչության հետ: Ախքյորփեցիները չթաքնված ուրախությամբ ընդունեցին նորանշանակ հոգևոր հորը, խոսեցին համայնքային-եկեղեցական հարցերի շուրջ, բարձրացնելով արտահոսքը կասեցնելու, երիտասարդությանը եկեղեցուն և հավատքին մերձեցնելու և բնակավայրում Գրիգոր Լուսավորչի ջահը վառ պահելու հարցերը:

Հովվական այցելությունն ավարտվեց Կարմիր գյուղում: Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ հյուրերը մոմ վառեցին և աղոթք բարձրացրեցին Սրբոց Ավետարանչաց մատուռում: Թբիլիսիից ժամանած այցելուները հոգեշնորհ Հայր Խորենի և Տեր Մանուկ քահանայի առաջնորդությամբ իրենց խոնարհումը բերեցին Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի խաչքարին: Տեր Խորեն վարդապետը իրազեկվեց, որ հայաբնակ այս գյուղում հիմնականում բնակվում են Ցեղասպանության տարիներին մազապուրծ փրկված և Վրաստանում հաստատված հայերի սերունդները:

Հարուստ տպավորություններով ավարտվեց հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անդրանիկ հովվական այցելությունը Մառնեուլիի շրջանի հայկական համայնքներ:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930