Եկող տարի սեպտեմբեր ամսին Նյու-Յորքում տեղի կունենա «Հայաստան ներդրումային համաժողով 2016-»ը , որն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» եւ ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:
Այսօր կառավարությունում ասուլիսի ժամանակ Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը գովասանքի խոսքեր շռայլեց մեր կառավարությանն ու ընդհանրապես Հայաստանի տնտեսությանը: Ըստ Դոուլի, Ասիական զարգացման բանկն աջակցում է այդ համաժողովի անցկացմանը, քանի որ իրենք հավատացած են եւ խիստ վստահություն ունեն Հայաստանի ապագայի հանդեպ. «Բանկը հավատացած է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի տնտեսական զարգացման համար, տնտեսական աճի իմաստով, եւ օտարերկրյա ներդրողները ոչ միայն կարող են օգնել այդ ուղղությամբ, այլ նաեւ կարող են իրենք օգուտ քաղել այդ ամենից»,-ասաց Դոուլը: Նրա խոսքերով՝ «Հայաստանը բերրի հող է ներդրումների համար, որովհետեւ ունի տնտեսական լավ կառավարում, շատ հեշտ է այստեղ բիզնես սկսելը, այստեղ բարձր ունակություններով օժտված աշխատուժ կա, ինչպես նաեւ շատ այլ գործոնների պատճառով»:
Մանրամասն՝ տեսանյութում
Բանկի ներկայացուցչի դիտարկմամբ՝ կա մի բան, որ Հայաստանի դեպքում պակասում է՝ օտարերկրյա ներդրողները բավարար տեղեկություններ չունեն եւ բավարար տեղեկացված չեն, թե Հայաստանն ինչ ներդրումային հնարավորություններ է առաջարկում. «Ասիական զարգացման բանկի համար պատիվ է աշխատել Հայաստանի կառավարութան հետ եւ ներդրումային ֆորումի շրջանակում Հայաստանը պոտենցիալ ներդրողներին ցույց կտանք»: Դոուլը վստահեցրեց, որ այդ համաժողովի արդյունքը օտարերկրյա ներդրումների աճն է լինելու:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով Հայաստանը տարածաշրջանի ամենամոնոպոլիզացված տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում կոռուպցիան վերջին տարիներին չի նվազել, մեր երկրում ներդրումները կրճատվում են, արդյոք սրանց համար հիմնարար պատճառներ չկա՞ն, որոնք առանց վերացնելու, նման համաժողովներով ներդրումներ ներգրավելն անհնար է, եւ տնտեսական լավ կառավարում ասելով, նկատի ունե՞ք այն, որ ամենախոշոր սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներն են, արդյոք որեւէ երկրի տնտեսական կառավարումը կարելի՞ է լավ համարել, եթե ամենահարուստ ու մեծ սեփականություն ունեցողները պաշտոնյաներն են: Այս առնչությամբ, 2 հարցին անդրադառնալով Դեյվիդ Դոուլն ասաց, որ ինքը նկատի ուներ երկրի մակրոտնտեսական կառավարման տեսակետից առկա իրավիճակը, որովհետեւ երկրի ներդրողները նախ դիտելու են այդ ցուցանիշը՝ բյուջեի դեֆիցիտը կառավարելի է, բավականին լավ կատարողական կա՝ սղաճը վերահսկելի է, պետական պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը կառավարելի . «Ես չեմ ասում կատարյալ վիճակ է, մենք աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի բարելավենք ներդրումային միջավայրը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին՝ շատ գայթակղիչ ներկայացրեցիք Հայաստանի տնտեսական վիճակը, եւ այդ ո՞ր ոլորտները կարող են գրավիչ լինել օտարերկրացիների համար, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, բայց օրինակ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարող է հետաքրքրություն առաջացնի, մասնավորապես վերականգնողական էներգետիկան հետաքրքիր շահութաբերություն կարող է ունենալ, նույնը ինդուստրիալ գյուղատնտեսության ուղղությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում
Նշենք, որ այս համաժողովն իրականացվելու է դրամաշնորհի միջոցով
Նելլի ԲԱԲԱՅԱՆ