Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի անվան փառատոնը կներկայացնի բացառիկ նախագծեր

Սեպտեմբեր 16,2015 16:04

Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացնի Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Այդ մասին սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արթուր Պողոսյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակումը և ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում մեր մշակույթի համար կարևոր ուղղություն է։ «Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ կոմպոզիտոր, մեր մշակութային այցեքարտն է ամբողջ աշխարհում, և մեր ճանաչելիության մակարդակն է ապահովում։ Վերջին տարիների քաղաքականությունը, որ իրականացվում է մշակույթի նախարարության կողմից Երիտասարդական նվագախմբի ինտելեկտուալ հնարավորություններով, արդյունքներ տալիս է»,- նշեց մշակույթի փոխնախարարը։

Սերգեյ Սմբատյանը, խոսելով փառատոնի մասին, նշեց, որ երաժշտական այս իրադարձությունն այս տարի իրականացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ինչը վկայությունն է այն բանի, որ երկրի ղեկավարը կարևորում է արվեստն ու դասական երաժշտությունը։ Փառատոնն այս տարի կանցկացվի «Կյանքիս մեծագույն սերը՝ Հայրենիք» կարգախոսով։ Այն կընդգրկի 19 համերգ՝ 10 սիմֆոնիկ (շաբաթ օրերին), 9 կամերային (չորեքշաբթի օրերին) համերգներ։ Կմասնակցեն արտիստներ, որոնք արժանացել են երաժշտական աշխարհի լավագույն տիտղոսներին՝ Աննա Վինիցկայա, Սուրեն Բագրատունի, Սերգեյ Նակարյակով, Չադ Հուփս, Վահագն Պապյան, Ալեքսանդրա Սոում, Ալեքսանդր Ռոմանովսկի և այլք։ Ելույթ են ունենալու նաև հայաստանցի երաժիշտներ ու կոլեկտիվներ։

Ի թիվս շատ նախագծերի՝ կներկայացվի նաև «Հույսի երաժշտություն» խորագրով ծրագիրը, որը նախատեսված է երեխաների համար. հնչելու են ստեղծագործություններ Արամ Խաչատրյանի մանկական ալբոմից։ Երեխաների համար նախատեսված համերգը կնվագեն հենց իրենք՝ երեխաները, ովքեր սովորում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

Աննախադեպ կլինի խաչատրյանական փառատոնի փակման երեկոն։ Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդականը կհնչեցնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

Փառատոնի շրջանակներում կնշվեն մեր երախտավորների հոբելյանները, իսկ 13-17 տարեկան բոլոր պատանի հանդիսատեսները հովանավորների շնորհիվ կկարողանան անվճար մասնակցել համերգներին։

Խոսելով թվերով՝ պարոն Սմբատյանը նշեց, որ խաչատրյանական տոնի ընթացքում ծրագրում են ունենալ ավելի քան 16000 հանդիսատես, 140 հազարից ավելի առցանց դիտումներ, հանդիսատեսին կներկայացվի 6 համաշխարհային պրեմիերա, կհնչի ավելի քան 60 ստեղծագործություն, կմասնակցի 36 արտիստ, կունենան 154 հյուր։

Նվագախմբի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր աջակիցներին՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ին, «Լուդինգ» ընկերությանը՝ ի դեմս Արթուր Վարժապետյանի։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930