Aravot.am-ը ահազանգեր է ստանում Գյումրիի բնակիչներից առ այն, որ իրենք մի քանի օր է գնում են կոմունալ վճարումներ կատարելու, սակայն բանկերում ու փոստային բաժանմունքներում տեղեկացնում են, որ օգոստոս ամսին սպառած հոսանքի ու նաեւ ջրի վարձը դեռ չի եկել: Ըստ մեզ ահազանգած բնակիչների, բանկերում ու փոստային բաժանմունքներում «ինչու» հարցի պատասխանը չունեն, չունեն նաեւ այն պատասխանը, թե «վերջը, ինչքա՞ն պիտի գնանք, գանք, որ հաջողացնենք լույսի վարձը մուծել, հո մենք պարապ չենք»:
Գյումրեցիները մտահոգված են նաեւ օգոստոս ամսին սպառած ջրի վարձի անհայտ լինելով: «Լավ, ջրին ի՞նչ եղավ, չլինի՞ սա էլ են մտադրված թանկացնել»: Այս քաղաքի բնակիչները միաժամանակ նախազգուշացնում են, որ եթե վերոհիշյալ կոմունալ ծառայությունների վարձավճարները թանկացրած լինեն, Գյումրիում կսկսվեն անժամկետ բողոքի ակցիաներ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ