Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարություն-IOTA. միջազգային գործակցության սերտացում

Սեպտեմբեր 16,2015 15:00

Ֆինանսների նախարարության և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-18-ը Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով: Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորու­թյուն կընձեռի ձեռքբերել անհրաժեշտ գիտելիքներ` հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ: Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար:

ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` այն կարևոր է նաև Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետևողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ: Առանձնակի կարևորություն է տրվել Միասնական հարկային օրենս­գրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համա­կարգի կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»:

Հայաստանյան փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնու­թյան հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել տարբեր միջազգային վարկանիշ­երում: Մասնա­վորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրա­պա­րակ­ված «2015 թվա­կանի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business») զեկույ­ցում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկա­նիշում Հայաս­տանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հար­կերի վճա­րում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին` զբա­ղեց­նելով 41-րդ տեղը»:

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական Համագործակցության Զարգաց­ման կազմակեր­պության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյուն­ների փոխա­­­­նակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղե­կու­թյունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայա­կան հնարա­վորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ և վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեություն իրակա­նաց­նելու տեսանկյունից: «Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է Ֆինանսների նախարարը:

Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ` այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսվարողներին` հարկային  պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ»:

Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաև Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին: Փորձագետ Դևիդ Վուդսի գնահատմամբ` մասնավորապես ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը: Հայաստանի հարկային ծառայությունը IOTA-ին անդամակցում է 2011-ից և արդեն 4-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում:

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930