Իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով` ներկայացվածը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության նախագիծ է: «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաղդասարյանը նկատեց, որ նոր Սահմանադրությունը դրական փոփոխության հնարավորություններ չի թողնում, հասարակության դերը նվազելու է և երկրի թագավորը հավերժ մնալու է իշխող:
Պարոն Բաղդասարյանի կարծիքով` այս Սահմանադրությունը չի ապահովում նաև հակակշիռների զսպման մեխանիզմներ: Նա զուգահեռ անցկացրեց «պապա-մամա» հարաբերությունների հետ. «Եթե ընտանիքում պապան ոնց ասում է, տենց լինում է, ապա այդ ընտանիքը ճիշտ ուղղությամբ չի գնում: Բայց երբ պապան ու մաման տեղում են, այդ ընտանիքը ճիշտ ճանապարհով է գնում: Դրա համար պետք է մի քանի բևեռներ լինեն: Այլ ոչ թե երկու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ «Պոպլավոկում» վիսկի են խմում, հետո մամուլի ակումբում իրար քարկոծում են: Էդպես չի լինում, ինչպես ասում է Վովան՝ մենք փոքր պետություն ենք»:
Aravot.am-ի հարցին` նոր Սահմանադրության խնդրահարույց դրույթներից որո՞նք կառանձնացնի, օրինակ` այն, որ այս Սահմանադրությամբ ասենք Բիբինը հնարավորություն կունենա ՀՀ-ում ընտրվել ավագանու անդամ, պարոն Բաղդասարյանն արձագանքեց. «Դա մուտիլովկայի համար է: Այդպես ընդունված է. միշտ, երբ փաստաթուղթ է դրվում սեղանին, մի քանի վիճահարույց նորմեր են թույլ տալիս, որ իրավաբանները վիճարկեն, ցույց տան, թե քննարկում է ընթանում, բայց հետո ողջ փաստաթուղթն ընդունվում է»:
Մեր հարցին` նոր Սահմանադրությունը կապահովի՞ դատական համակարգի անկախություն, իրավաբանը պատասխանեց. «Ոնց կա, համակարգն այդպես էլ մնալու է: Ի՞նչ վատ է` դատական համակարգն ամբողջովին ենթարկվում է իշխանությանը, ո՞ւմ համար է վատ: Իրենք ասել են, որ լավ կլինի իրենց համար: Ինչու՞ պիտի դատական համակարգը բաց թողնեն իրենց ձեռքից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ