Վերջին շրջանում ողջ հայության թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր օղակների կողմից ամենաքննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների հարցն է: Բազմամակարդակ քննարկումները, առողջ բանավեճերը, առաջարկությունները միայն կարող են նպաստել համապետական այս կարևորագույն նախաձեռնության կայացմանը:
Սահմանադրական բարեփոխումների իրականացումը անհրաժեշտ և արդիական խնդիր է այս պահին և, ինչու չէ, ժամանակի հրամայական: Ավելի քան երկու տասնամյակ մենք առաջնորդվում ենք ըստ էության նույն սահմանադրությամբ, որը արդի ժամանակին և առկա խնդիրներին համահունչ որոշակի փոփոխությունների և հստակեցումների կարիք ունի:
Սահմանադրական զարգացումները՝ որպես անընդհատ ու շարունակական գործընթաց, սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումներ են պահանջում:
Սահմանադրական բարեփոխումները, որ առաջարկվել են երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության վրա, բխում են ժողովրդի շահերից և տանելու են ավելի ժողովրդավարական կառավարման: Դա նպաստելու է մեր երկրի կառավարման հեշտացմանը և տնտեսական առաջընթացին:
Կարդացեք նաև
Ցավալի է այն, որ գործող իշխանության առաջարկած ցանկացած փոփոխություն, բարեփոխում, ինչքան էլ անհրաժեշտ, արդիական ու նպատակային լինի, ընդդիմության կողմից ճիշտ չի ընկալվում և միայն բացասական արձագանքներ է ստանում: Ես կոչ եմ անում իմ ընդդիմադիր գործընկերներին անտեղի կրքեր բորբոքելու փոխարեն ճիշտ գնահատել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ հենց դուք էիք տարիներ շարունակ պայքարում կառավարման խորհրդարանական համակարգի համար, կարևորում անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունների, չէ՞ որ նոր սահմանադրությամբ ավելի է մեծանալու ձեր մասնակցությունը կառավարման համակարգում:
Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները ավելի շատ առաջնորդվում են անձնական կամ կուսակցական համակրանք-հակակրանքներով: Բայց այդպես ավելի լավ պետություն չենք կառուցի, պետական մտածողություն և պետականության գիտակցություն է պետք ունենալ: Պետք չէ զուտ ընդդիմադիր կեցվածքը պահելու համար դեմ դուրս գալ համազգային նշանակություն ունեցող այս բարեփոխումներին:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և հույս հայտնում, որ ի վերջո համայն հայությունը կհամախմբվի և իր որոշիչ խոսքը կասի այս հարցում:
Մամլո հաղորդագրություն